«Երկրապահ»-ն ինքնամաքրվում է

«Երկրապահ» անունն ի սկզբանե անշահախնդիր հայրենանվիրության չափանիշ է եղել: Սակայն ինչ-որ սկսեց խաթարվել ԵԿՄ կառույցի հեղինակությունը: Նախևառաջ, երևի, հենց այն պատճառով, որ ի տարբերություն այդ կազմակերպության՝ կուշտուկուռ ապրուստով երջանկացած և քաղաքական աստիճանասանդղակի ամենավերին հարթակում բազմած մի քանի ղեկավարների, իրենց կյանքը վտանգած և առողջությունը կորցրած ազատամարտիկները նույնիսկ օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել:
 
ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի առանձնատներում բացահայտվածը ցնցեց հասարակությանը, բայց նաև փաստեց, որ երկրապահ կամավորականները դեմ են միությունը լուծարելու առաջարկներին: Նրանք վստահ են, որ իրենց շարքերում բազմաթիվ արժանավորներ կան, և իրենց միավորող ԵԿՄ-ն պետք է նոր գործելակերպ ընտրի՝ մաքրելով քաղաքական խաղերում դեմքը կորցրած կառույցը:
Եվ խորհրդանշական այս օրը՝ հուլիսի 5-ը, նրանք կրկնակի իմաստավորել են՝ ԵԿՄ վարչության փոխնախագահների, մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ ակտիվի նիստ հրավիրելով:
 
Նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի և արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:
 
Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:
 
- Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ,- իր ելույթում ասել է Արամ Սարգսյանը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը:
 
Ընդլայնված նիստում քննարկվել է նաև ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանի առաջարկությամբ՝ համագումարը կհրավիրվի սեպտեմբերին: 
ԵԿՄ լրատվության բաժին