«Հեռախոսային իրավունքը»՝ իրավազուրկ

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Անցած 10 տարիները ոչ մի չափով չմեղմեցին հանրության ցասումն ու վիրավորանքը, որ հարուցել էր Մարտիմեկյան ողբերգությունը: Պատճառներն ու հետևանքները հայտնի են, և երկուսն էլ արդյունք էին իշխանությունը բռնի ուժով պահելու ամոթալի նկրտումի:
 
Ամոթալի՝ արժանապատիվ իշխանությունների պարագայում: Մինչդեռ ընտրակեղծիքներով ինքնահռչակ իշխանությունը չխորշեց իր դեմ ընդվզողների հետ հաշվեհարդարի վերածել ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը: Վերջապես եկել է կեղծիքի ծխածածկույթը ցրելու ժամանակը: Ինչպես Հայ ազգային կոնգրես կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը ձևակերպեց՝
 
- Մարտի 1-ի բացահայտումը նոր իշխանության փորձաքարն է:
 
Մարտի 1-ի առնչությամբ այսօր «Հայացք» ակումբում լ ՍԴ նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը պատմել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մարդ ուղարկել՝ իր վրա, որպես ՍԴ անդամ, ճնշում գործադրելու համար: 
 
- Մեծամասամբ ՀՀ-ում մինչեւ հեղափոխությունը գործել է հեռախոսային իրավունքը: Դատական իշխանության ներկայացուցիչներից շատերն ասում են, որ որևիցե ճնշում իրենց վրա քաղաքական մարմինների չի եղել, և փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով թե ղեկավարությանը որը դուր կգա, այդպես ընթացել են, բայց ես պրակտիկորեն կարող եմ ասել, եթե դուք փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն՝ եղել են նաեւ ցուցակային գործեր, ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի գործեր մենք ունեցել ենք: Հեղափոխությունից հետո հասարակությունը պատրաստ չի նաեւ ցնցումների: Ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ ՀՀ վարչապետն ասեց՝ ես չեմ միջամտելու դատական ֆունկցիաների իրականացմանը, ուղղակիորեն չգիտեին ինչ անեն, բա սովորել էին արդեն, որ միջամտություն պետք է լինի, որ իրենք կարողանան ընթացք տալ: Հիմա ոչ իրա վերադասն է ռիսկ անում ցուցում տա, ոչ ՀՀ վարչապետն է տալիս, ի՞նչ անեն: Բարեբախտաբար, ադապտացիան շուտ սկսեց տեղի ունենալ, դատավորները սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել,- բանախոսի խոսքը մեջբերել է «Առավոտ»-ը:
 
Դատական ատյաններին հրահանգելու արատավոր պրակտիկան նորություն չէ մեր հասարակության համար, և հենց այս համոզմունքի «վավերացումը» կարելի է համարել Կիմ Բալայանի արձանագրածը. 
 
- Մեծամասամբ ՀՀ-ում մինչև հեղափոխությունը գործել է հեռախոսային իրավունքը: Դատական իշխանության ներկայացուցիչներից շատերն ասում են, որ իրենց վրա քաղաքական մարմինների որևիցե ճնշում չի եղել, և փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով են ընթացել, բայց ես պրակտիկորեն կարող եմ ասել՝ եթե դուք փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն՝ եղել են նաև ցուցակային գործեր. ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի:
 
Հուսանք, որ անվերադարձ անցել է ցուցումների ժամանակը, և դրանցից ձերբազատված դատավորները վերջապես օրենքի պահանջները կառաջնահերթեն՝ անկախ նրանից, թե այդ պահանջը որքանով հաճելի չէ իշխանավորների քիմքին: