ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԻՆՉ ԿՏԱ ԵՐԵՎԱՆԻՆ

Խռովելը որքանո՞վ է քաղաքական կատեգորիա

Երևանի ավագանու ընտրությունների համար հայտեր ներկայացնելու ժամկետը ավարտվեց, և արձանագրվեց, որ ընդամենը երեք քաղաքական ուժ է այնտեղ ներկայացված լինելու ցանկություն հայտնել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է տվյալները, ըստ որոնց խորհրդարանական տնտրություններին հաղթած Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է  Երևանի քազաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանում 9 մանդատ ձեռք բերած ԵԼՔ դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ նրա հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ռախիտով հիվանդի նման իր օրգանիզմի մեծ մասը կազմող գլուխ ունի, այսինքն բնակչության կեսը Երևանում է բնակվում, թվում էր՝ ներկայացուցչական մարմնում նոր ընտրությունները պետք է նախորդ ընտրություններից պակաս աշխուժություն չառաջացներ: Երևում է՝ շատ խոսելով ու ցանկացած արդյունքին չհասնելով՝ քաղաքական ուժերը ընտրողից խռովել են: Թե որքանով է խռովելը քաղաքական կատեգորիա` պատմությունը կարձանագրի:

Հատկապես երկու ուժերի մասնակցությունը մի քիչ գույն կտան մայրաքաղաքի ավագանու նախընտրական պայքարին. նախորդ ընտրությունների ցատկահարթակից նոր թափ առած Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը: Հավանական է՝ Զարուհի Փոստանջյանն այնտեղ կհայտնվի՝ այդ կերպ երբեմն-երբեմն նշանակալի դարձնելով այդ մարմնի՝ գրեթե աննկատ մնացող գործունեությունը: Բայց քանի որ հավանական չէ, թե քաղաքապետը հանրապետականից չի լինի, Նիկոլ Փաշինյանը կմնա ԱԺ-ում՝ նույն դերն այնտեղ կատարելու համար:

Ի դեպ՝ ԿԸՀ-ն մարտի 9-ին հրապարակել է նաև խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: