Հանցանք կատարելուց առաջ հիվանդություններ ձևակերպեք

ՇԻՏԱԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ, ՈՒՐԵՄՆ, ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբաններից մեկը՝ Արսեն Մկրտչյանը երեկ կարծես թե ուրվագծել էր իր պաշտպանյալի գործի հետագա ընթացքը կամ այդ ընթացքի սցենարը:
 
Ընգծելով, թե Մ. Գրիգորյանին պատկանող և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներ հասկացությունները տարբեր բաներ են, նա ակամա հուշել էր, որ հայտնաբերվածի պատասխանատվությունը ստանձնող կա: Ավելին, այդ տարածքները շահագործման են հանձնվել այլ անձանց, ուստիև նա չպետք է պատասխանատվություն կրի իրեն սեփականության իրավունքով պատկանող, սակայն այլ անձանց կողմից շահագործվող տարածքներում հայտնաբերված գույքի և սննդի համար: 
 
Ասել է թե՝ նույն անձը, ում զանգահարել ու հրահանգ էր տվել Մանվել Գրիգորյանը, որ գա ու հայտարարի, թե հայտնաբերվածն իրենն է, հիմա արդեն հանգիստ կարող է տիրանալ պատասխանատվության բեռին:
 
Ուրեմն հեռատես հանցագործներն այսուհետ պիտի կամ ծանր հիվանդությունների փաստաթղթեր ձեռք բերեն, կամ իրեն յուրացումներն ու հափշտակումները կատարեն նման հիվանդ մարդկանց ձեռքով, որպեսզի օրենքն ու պետությունը մարդասիրաբար ներեն ամեն ինչ…
 
Իսկ այսօր Մանվել Գրիգորյանի մեկ այլ փաստաբան՝ Լևոն Բաղդասարյանը դատապարտում էր գեներալի անձի շուրջ ձևավորված մթնոլորտը, թե այն չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա:
 
- Այս գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և իր ընտանիքի հանդեպ,- նշել է նա՝ չմոռանալով, որ հասարակության բացասական կարծիքը նրա հանդեպ այս առիթով չէ, որ ձևավորվել է:
 
Չհերքելով հանդերձ, որ մինչ այս էլ Մանվելի Գրիգորյանի հանդեպ հանրության վերաբերմունքն առանձնապես դրական չէր, Լ. Բաղդասարյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին՝
 
- Ի՞նչ եք կարծում պարոն վարչապետ,  ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող դատարանները ի՞նչ պետք է անեն: Ձեր հայտարարությունից հետո հասարակությունը ատելությամբ է լցվել Մանվել Գրիգորյանի դեմ:
 
Ոչ իրավաչափ և ոչ օրինական որակելով իր պաշտպանյալի հանդեպ դրսևորված վերաբերմունքը, հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմանբ կիրառվում է խոշտանգում՝
 
- Առանց հաշվի առնելու նրա հիվանդությունները  վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով համարվում է պետության կողմից կատարվող անմարդկային  ծանր հանցագործություն եւ կոչվում է խոշտանգում:
 
Իսկ վարչապետին ուղղված նամակում Լեւոն Բաղդասարյանը պահանջ է բարձրաձայնել՝
 
- Հրապարակային հանդես գալ և կոչ անել հասարակությանը՝ դադարեցնել հաշվեհարդարների կոչերը և ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից զրպարտանքի համար:
 
Ի դեպ, շատ կարևոր դիտարկում է արել փաստաբանը՝ մերօրյա մի իրողության մասին
 
- Ազգային ժողովում խոսում են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ կեղծել են ընտրությունները, որն իմ կարծիքով ավելի ծանր հանցագործություն է, քան իմ պաշտպանյալին մեղսագրված մեղադրանքը:
 
Ահա մեր դժբախտությունների հիմքը, ինչի մասին խոսվում է տասնամյակներ ի վեր՝ կեղծվող ընտրություններ, ինքնակոչ «ազգընտիրներ», որոնց գոյությունն իսկ վտանգավոր է ապագա որոնող պետության համար: