Ի՞նչ է տեղի ունենում Ղարաբաղում և ինչո՞ւ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. JAMnews

Բողոքի ակցիաները սկսվել են Ստեփանակերտում հունիսի 1-ին: Տասնյակ մարդիկ (ինչը 40-հազարանոց Ստեփանակերտի համար քիչ չէ) փակել էին Ազատամարտիկների կենտրոնական պողոտան և արգելափակել այն մինչև ուշ երեկո:
 
Մասնակիցների խոսքով՝ ցույցերի պատճառ է դարձել Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինների մասնակցությամբ միջադեպը: Հատուկջոկատայիններից մեկի մասնակցությամբ կենցաղային վեճն ավարտվել է նրանով, որ դեպքի վայր է ժամանել 20 հատուկջոկատային և դաժանաբար ծեծել 2 քաղաքացիական անձի:
 
Ոստիկանությունն, ըստ ականատեսների, ոչ միայն չի միջամտել, այլ նաև ձերբակալել է ծեծվածներին, թեև ստիպված է եղել հետո նրանց հիվանդանոց ուղարկել: Հաղորդվում է, որ նրանց կյանքին այժմ ոչինչ չի սպառնում:
Երեկվա ցույցերից հետո, սակայն, արդեն քրեական գործ է հարուցվել: 15 մարդ ոստիկանություն բերման է ենթարկվել, հաղորդվում է, որ հիմնականում նրանց, ովքեր ծեծել են քաղաքացիական անձանց:
 
Տեղացի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է, որ մարդիկ բողոքում են ուժայինների կամայականությունների դեմ:
 
Փորձագետները նշում են, որ երկար տարիներ Ղարաբաղում իշխանությունը կառուցվել է երկու բաղկացուցիչների հիման վրաէ
Երևանի աջակցության, որտեղ 1997թ-ից ի վեր երկիրը գլխավորում էին ծագումով ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը և հատուկջոկատայինների պատժիչ ուժի:
 
Ի՞նչ է տեղի ունեցել ավելի վաղ
 
Հայաստանում 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսների «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանափոխություն տեղի ունեցավ: Որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կատարեց մայիսի 9-ին Ստեփանակերտ: Այնտեղ նա հստակ հասկացրեց, որ Հայաստանի իշխանություններն այլևս չեն «հովանավորելու» ղարաբաղյան իշխանությանը:
 
Նա հայտարարություն արեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ և ասաց, որ «այսուհետ Արցախը ինքը պետք է բանակցությունների սեղանի շուրջ պաշտպանի իր շահերը»:
 
Սակայն այս հայտարարությունը տարածվեց նաև Ստեփանակերտի և Երևանի հարաբերությունների վրա: Շատերն այն մեկնաբանեցին ինչպես պաշտոնական Երևանի հրաժարում Ստեփանակերտում իշխանություններ նշանակելուց և հովանավորելուց:
 
Այս հայտարարություններից հետո քաղաքագետները սկսեցին խոսել այն մասին, որ Ղարաբաղը չի կարող անմասն մնալ այն գործընթացներից, որոնք Հայաստանում են տեղի ունենում: Ստեփանակերտում իշխանափոխությունն ավելի ու ավելի անխուսափելի էր թվում, և հիմա, ըստ ամենայնի, գործընթացները տանում են դեպի Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:
 
Ի՞նչ են պահանջում մարդիկ
 
Ցուցարարները դեռևս պահանջում են միայն ուժային կառույցների ղեկավարների՝ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի հրաժարականը:
 
Բակո Սահակյանի հրաժարականի մասին դեռևս խոսք չկա, սակայն այդ պահանջը կարծես օդում առկախված լինի:
 
Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը (որն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Իջևանից է) հանդիպել է Բակո Սահակյանին, սակայն դեռևս չի հաղորդել պայմանավորվածությունների արդյունքների մասին:
 
Ինչպես նշում են տեղացիները, իշխանության խուճապը նկատելի է անզեն աչքով. ցուցարարների մոտ են դուրս եկել ոչ միայն պետնախարար Արայիկ Հարությունյանն, Անվտանգության ծառայության քարտուղար Վիտալի Բալասանյանն, այլ նաև ուժային կառույցների ղեկավարները, որոնք փորձում են հանդարտեցնել իրավիճակը:
 
Կարծիք կա նաև, որ նրանք դեմ չեն օգտագործել իրավիճակն իշխանափոխություն անելու համար:
 
Ո՞վ կարող է իշխանության գալ
 
Ղարաբաղի յուրահատկությունն այն է, որ այստեղ ընդդիմության ընդգծված առաջնորդներ չկան: Այդ պատճառով էլ հարցը, թե ով է փոխարինելու Բակո Սահակյանին, միանշանակ պատասխան չունի:
 
Դիտարկվում է մի քանի տարբերակ:
 
Նախագահ կարող է դառնալ Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «փոխզիջումային» թեկնածուն է համարվում:
 
Կամ Ղարաբաղի արտաքին գործերի ներկայիս նախարար Մասիս Մայիլյանը, որը 2007թ-ին Բակո Սահակյանի մրցակիցն էր նախագահական ընտրություններում և 10 տարի է՝ լուրջ ընդդիմություն է համարվում:
 
Եվս մեկ տարբերակ է պատգամավոր Հայկ Խանումյանը, որը փորձում է Ղարաբաղում մոբիլիզացնել բողոքի տրամադրությունները: 2016թ-ին նրան ծեծել են ի պաշտպանություն Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ցույցին մասնակցելուց հետո: Իսկ Բաբայանը 2017թ-ին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Երանում իշխանությունների դեմ բռնի գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով և գտնվում է բանտում:
 
Եվս մեկ պոտենցիալ թեկնածու կա՝ ներկայիս պետնախարար Արայիկ Հարությունյանը, որը հանրային բավականին մեծ աջակություն ունի և գլխավորում է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցությունը:
 
Ինչպես գրում է արցախցի բլոգեր Ալեքսանդր Կանանյանը, Բակո Սահակյանի կառավարման ժամանակն անկասելիորեն ավարտին է մոտենում:
 
Ո՞վ է Բակո Սահակյանը
 
Բակո Սահակյանը Ղարաբաղի նախագահ է դարձել 2007թ-ին, վերընտրվել է 2012-ին: Նախագահ դառնալուց առաջ նա գլխավորում էր Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունը: Մինչ այդ 4 տարի Ռուսաստանի ԱԴԾ-ում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչն էր Մոսկվայում:
 
2017թ-ին Ղարաբաղում սահամնադրական բարեփոխումներ իրականացվեցին, որոնք նախագահին սուպերլիազորություններ տվեցին: Ընդ որում, 2017թ-ի ամռանը խորհրդարանը Բակո Սահակյանին ընտրեց որպես «անցումային նախագահ» մինչև 2020թ-ը, երբ նախատեսվում են նախագահի համաժողովրդական ընտրություններ:
 
Այս քաղաքական հնարքը գնահատվեց որպես Ստեփանակերտում իրեն հավատարիմ իշխանությունը պահելու Երևանի փորձ:
 
Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո Բակո Սահակյանի եռամյա «անցումային» ժամկետը կորցրեց իմաստն, ու Ստեփանակերտում իշխանափոխությունն, ըստ երևույթին, միայն ժամանակի հարց է դառնում: