Նախագիծ, որը վատթարացնում է աշխատողի իրավական պաշտպանվածությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Իրենց հայտարարությամբ նրանք մասնավորեցնում են.
 
Ի կատարումն նախորդ կառավարության հանձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում է աշխատողի իրավական պաշտպանվածությունը գործատուների հետ բոլոր տեսակի հարաբերություններում։ 
 
Կարևորելով աշխատանքային հարաբերություններում կողմերի համագործակցությամբ սոցիալական ու տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը, այդուհանդերձ մտահոգություն ենք հայտնում նախագծի մի շարք կարգավորումների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել աշխատողների շահագործման ևխտրականության դրսևորման պատճառ դառնալ։
 
Մասնավորապես, խիստ անընդունելի ենք համարում Նախագծով առաջարկվող կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կատարման հնարավորությունը՝ առանց տարեկան ժամային սահմանափակման, արտաժամյա և գիշերային աշխատանքների համար հավելումների նվազագույն շեմերի վերացումը, ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների՝ օրենսդրությամբ սահմանված ցանկի և հավելումների նվազագույն շեմերի, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդների ցանկի և տևողության նվազագույն շեմերի վերացումը՝ դրա կարգավորումը թողնելով կողմերի համաձայնեցմանը  և այլն։
 
Նախագծի վերոնշյալ  կարգավորումների  վերաբերյալ  բացասական կարծիք են հայտնել ոչ միայն  հասարակական կազմակերպությունները, այլև ՀՀ առողջապահական տեսչական մարմինը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես նաև  Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակը, սակայն այդ կարծիքներն ու առաջարկությունները նախագծի լրամշակված տարբերակում տեղ չեն գտել։  Բացի այդ, նախագծի վերաբերյալ ԱՄԿ-ի մասնագիտական կարծիքը՝ «Տեխնիկական մեկնաբանությունները» մինչ օրս  հրապարակված չեն և, ինչպես նախագծի, այնպես էլ դրանց շուրջ լայն հանրային քննարկում չի կազմակերպվել։
 
Հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների բացասական ազդեցությունն աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով, ինչպես նաև ելնելով նախագծի մշակման մասնակցային գործընթացի անհրաժեշտությունից՝ խնդրում ենք ողջամիտ ժամկետով հետաձգել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը, կազմակերպել լայն հանրային քննարկումներ շահագրգիռ հանրության և ոլորտում մասնագիտացած բոլոր կառույցների հետ, ինչպես նաև փորձագիտական և հանրային հետազոտությունների միջոցով վերհանել և ներկայացնել հիմնավոր առաջարկություններ գործող  օրենսգրքի վերաբերյալ։ Բացի այդ, աշխատանքային իրավունքների երաշխիքների շարունակական ամրապնդումը պետք է ամրագրվի կառավարության կողմից մշակվող նոր ծրագրով՝ որպես պետության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը։
 
Անհրաժեշտ է աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտում նախատեսվող փոփոխություններն ամրագրել նորաստեղծ կառավարության կողմից մշակվող նոր ծրագրով՝ որպես ուղենիշային փաստաթուղթ աշխատանքային օրենսդրության արմատական փոփոխությունների համար։
 
 
Համագործակցության ակնկալիքով ՝
 
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (APR Group)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան
Եղեգնաձորի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
ՕքսԵՋեն հիմնադրամը
Իմ իրավապաշտպանը ՀԿ
Տաթևիկ ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա Էջմիածնի մասնաճյուղ
Գորիսի Մամուլի ակումբ ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Սպառողների աջակցության կենտրոն ՀԿ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
Շողեր միություն ՀԿ
Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միություն ՀԿ
Հավասարության ինդեքս իրավապաշտպան ՀԿ
Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
Առողջապահություն և աշխատանք ՀԿ
Լոռե էկո-ակումբ ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Ազատ քաղաքացի" քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն Հիմնադրամ
Երեխաների հասարակություն մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ
Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա
Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Քալրֆուլ Հաուս ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Խաղաղության երկխոսությունը ՀԿ
Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ
Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հյուման Ռայթս Հաուս Երևան
Գավառի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն
Կապան Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն
Հրազդանի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն
Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ
Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ