Որքանո՞վ են իրավաչափ մարզպետների որոշումները

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

Իրավական հիմքի բացակայության հետևանքով մարզպետների կայացրած որոշումները կարող են դատարաններում համարվել ոչ իրավաչափ՝ մարզերը կանգնեցնելով կառավարման ճգնաժամի առաջ:
 
Հայաստանում կառավարման համակարգի փոփոխման հետ զուգահեռ մի շարք իրավական ակտերում և օրենքներում պետք է կատարվեին փոփոխություններ: 2017 թվականին ձևավորված խորհրդարանը և այդ խորհրդարանի մեծամասնության ձևավորած կառավարությունը պետք է օրենքները համապատասխանեցներ Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրության (2015 թ-ի փոփոխություններով) 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 
 
Սահմանադրության 160-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը և նրանք համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
 
Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Հայաստանի մարզերում պետական կառավարումն իրականացվել է Նախագահի 1997 թվականի ՆՀ-728 հրամանագրով: Հրամանագիրը մանրամասն նկարագրում է, թե ինչպիսին է մարզպետի գործունեությունը Կառավարության տարածքային քաղաքականության իրականացման առանձին բնագավառներում: Հրամանագիրը հիմք էր ստեղծել առհասարակ մարզպետարանների կառուցվածքի և գործունեության համար: 
 
Նկատենք, որ այժմ Իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում (arlis.am) նախագահի այս հրամանագրի կարգավիճակը նշված է որպես չգործող: Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչ իրավական ակտի հիման վրա է Հայաստանի կառավարությունը մարզերում իրականացնում պետական կառավարում: 
 
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Տարածքայն կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանից: Վերջինս նշեց, որ Սահմանադրությամբ խնդիրը կարգավորվում է՝ հղում կատարելով 160-րդ հոդվածին։ 
 
- Օրենքի հետ կապված կարող եմ ասել, որ նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որն այս պահին լրամշակման փուլում է և մոտ ժամանակներս կներկայացվի կառավարություն, - ասաց Արմինե Մուրադյանը: 
 
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հրամանագրի ուժը կորցրած լինելուց առաջ չի ընդունվել ոլորտը կարգավորող օրենքը, նախարարի մամուլի քարտուղարը պատասխանեց. 
 
- Քանի որ այն ժամանակ նախորդ իշխանությունն էր, խնդրի պատասխանատվությունը և հարցը նրանց հետ պետք է կապված լինեն և ավել ինֆորմացիա այս հարցով չեմ կարող տրամադրել:
 
Նշենք, որ մարզերում պետական կառավարում իրականացնելու իրավական հիմքերի բացակայության գլխավոր պատասխանատուն նախկին Կառավարությունն է ի դեմս Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի, քանի որ մինչև նախագահի 1997թ․-ի հրամանագրի ուժը կորցրած ճանաչելու պահը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարտավոր էր մշակել և Կառավարության դատին ներկայացնելուց հետո Ազգային ժողովին ներկայացնել ոլորտը կարգավորող օրենսդրական նախագիծ: 
 
Այս իրավիճակը մտահոգիչ է, քանի որ իրավական հիմքի բացակայության հետևանքով մարզպետների կայացրած որոշումները կարող են դատարաններում համարվել ոչ իրավաչափ և մարզերը կանգնեցնել կառավարման ճգնաժամի առաջ:
 
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»