Ի պատասխան Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանսի»
ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ
Ընտրովի մարմինների դռները բախող մեր շատ հայրենակիցներ այնքան խոստումներ են շռայլում նախընտրական մարաթոնում, որ դրանց թեկուզ չնչին մասն իրագործելու պարագայում բոլորովին այլ կլիներ երկրի ընթացքը, պետության վարկանիշը: Այդ թեկնածուներից ոմանք, սակայն, պարզվում է՝ տաքուկ աթոռ ձեռք գցելուց հետո ոչ միայն կորամեջք շռայլած խոստումներն են մոռանում, այլև՝ իրենց համար զօրուգիշեր աշխատած թիմակիցների վարձավճարները, որի մասին պայմանավորվել էին նախապես:
Արդեն մեկ տարուց ավելի իր անունը մոռացության ժանգով պատած «Ալյանս» կուսակցության բազմաթիվ անդամներ հեռացել են այդ միավորից, սակայն վիրավորված արժանապատվությունը, խաբված չմնալու սկզբունքայնությունը նրանց մղել է իրենց երբեմնի կուսառաջնորդին ևս մեկ անգամ հիշեցնել իր իսկ խանդավառ խոստումների մասին: Արդյունքը հերթական հիասթափությունն էր: Եվ ահա նրանք բաց նամակով վերստին դիմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանին՝ նաև հանրությանը տեղեկացնելով վերջինիս անվայել պահվածքի մասին:
Պատասխան հայտարարություն
Անդրադառնալով մեր կողմից 15.05.2018թ., արված հայտարարության «Ալյանս» կուսակցության արձագանքին, անհրաժեշտ ենք համարում մեր նախկին քաղաքական թիմակիցներին և ի լուր ամենքի, նորից հիշեցնել, որ մենք՝ վարչության մի խումբ անդամներս, Գյումրու ամբողջ կառույցի և մեր թիմակիցների հետ միասին, հեռացել ենք կուսակցությունից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար ու անազնիվ մթնոլորտից…
Եվ, որպես մեկնաբանություն, բացում ենք որոշ փակագծեր՝ նաև հարցադրումների տեսքով՝
1. «Ալյանս»-ում տիրող անարժանապատիվ, անարդար ու անազնիվ մթնոլորտը ստեղծվել է բացառապես կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից՝ միտումնավոր կերպով, և դրա հետ առչնություն չունեն մեր նախկին կուսակիցները:
2. Ինչո՞ւ է «Ալյանս» կուսակցության դե ֆակտո նախագահ Տիգրան Ուրիխանյանը խուսափում հանդիպել 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ և 2017 ԱԺ ընտրությունների իր նախընտրական շտաբներում աշխատած և խոստացված վարձատրությունները պահանջող անձանց հետ:
3. 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Տիգրան Ուրիխանյանը դարձավ ԱԺ պատգամավոր, կուսակցությունը մատնեց անգործության՝ հայտարարելով որ ինքն այլևս կապ չունի դրա հետ:
4. Ինչո՞ւ է կուսակցության գրասենյակի տարածքը վերածվել դե ֆակտո Տիգրան Ուրիխանյանին պատկանող ավտոմեքենաների վարձույթի սրահի՝ «Էկոնոմ սերվիս» անվանումով:
5. 2017 թվականից առ այսօր վարչության քանի՞ նիստ է գումարվել, որտե՞ղ և ե՞րբ:
6. Քանի՞ քաղաքական հայտարարություն է տարածվել, և ո՞վ է դրանց որոշումը կայացրել:
Անձամբ Տիգրան Ուրիխանյանից պահանջում ենք գալ բաց հանդիպման՝ իրեն ուղղված վրդովմունքները բարձրաձայնող, պահանջներ ներկայացնող և նրան վստահության քվե ապահոված մարդկանց հետ, ինչպես նաև չբարձրաձայնված այլ հարցերի շուրջ բացատրություն տալու:
Վստահ ենք, որ նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում և «Ծառուկյան» խմբակցությունում շատերը չգիտեն նրա անպարտաճանաչության և անարդար գործելաոճի մասին: