Այս հեղափոխությունը առիթ է նաև Ռուսաստանի համար՝ փոխելու իրավիճակը

«ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը հասկանում է, որ ինքն արդնե գործ ունի լեգիտիմություն ունեցող գործընկերոջ հետ, ով բարձրացնելու է այնպիսի հարցեր, որոնք ՀՀ նախկին ղեկավարը չէր բարձրացնում. նման տեսակետ է հնչեցրել քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում անցկացված հեռուստահաղորդման ժամանակ:
 
Հիշեցնենք, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» և նոր կառավարության ձևավորման գործընթացից  հետո, մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
 
- Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղարկեց, որ կան խնդիրներ, այդ խնդիրները պետք է լուծում ստանան, և Հայաստանը այսուհետ հետամուտ է լինելու տարատեսակ լուրջ խնդիրների վեր հանմանը և ամեն ինչ անելու է, որ երկկողմ հարաբերությունները ստանան նոր բովանդակություն ու լինեն հավասարը հավասարի հետ հարաբերություններ, այլ ոչ թե վասալային հարաբերություններ,- ասել է Վարդանյանը:
 
Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը նաև հասկացրեց Պուտինին, որ արտաքին քաղաքականության առումով չեն լինելու կտրուկ շրջադարձեր, և ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ պահպանվելու են:
 
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ այս հեղափոխությունը առիթ է նաև Ռուսաստանի համար՝ փոխելու իրավիճակը և մոտեցումները Հայաստանի շուրջ:
 
- Հայ-ռուսական հարաբերությունները ինքնին կանգնած է լրջագույն խնդիրների և վերանայման լրջագույն անհրաժեշտության առաջ: Ռուսաստանն ինքը անհրաժեշոտթյուն է զգում վերափոխել այդ հարաբերությունները,- նշեց Բադալյանը:
 
Հաղորդման մյուս մասնակից, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ կարծում է, որ այդ հանդիպումը շատ կարևոր էր, որովհետև փաստացի Ռուսաստանը ճանաչեց  Նիկոլ Փաշինյանին՝ որպես լեգիտիմ իշխանության եկած ներկայացուցչի, որովհետև Ռուսաստանի համար անսովոր էր հեղափոխությունով իշխանության եկած ներկայացուցչի հետ հարաբերվելը:
 
- Ռուսաստանը իր աչքի առաջ ունեցել է ուկրաինական նարնջագույն  հեղափոխությունը, վրացական նարնջագույն հեղափոխությունը,  և այս առումով Ռուսաստանի քաղաքական վերնախավում  մտահոգություններ կային, որ թավշյա հեղափոխության արդյունքում կարող էին գալ ուժեր, որոնք լրջագույնս կարող էին վատացնել հայ-ռուսական հարաբերությունները: Այդ փորձը ունեին Վրաստանի և Ուկրաինայի տարբերակում: Ու շատ կարևոր էր Փաշինյանի մեսիջները, որ հայկական հեղափոխությունը ոչ թե նարնջագույն, այլ թավշյա հեղափոխություն էր,- ընդգծեց Բոզոյանը:
 
Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, թե՛ համաժողովրդական շարժման ընթացքում, թե՛ հետագայում ասում էր, որ թեպետ ստրատեգիական առումով ռեվերսներ չեն լինելու, բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն:
 
- Ես կարծում եմ ռուսաստանյան կողմին ամենից շատ հետաքրքրում է, թե այդ ինչ հարցերի շուրջ է պատրաստվում խոսել նոր իշխանությունը:
 
Պուտինն իր այդ ողջույնի խոսքում հիմնական շեշտը դրեց թվերի վրա` ներդրումներ, տնտեսական աճ, շրջանառություն, այսինքն արձանագրեց, որ կա նորմալ դինամիկա, որը պետք է պահպանել: Փաշինյանը մի քանի  անգամ շեշտը դրեց ռազմաքաղաքական համագործակցության վրա  և առնձնակի շեշտեց, որ հայկական կողմը հիացած է Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի հաջողություններով: Դա հատուկ մեսիջ էր, որ Հայաստանը նախևառաջ պահպանելով իր աշխարհաքաղաքական կողմնորոշումները, հիմնական շեշտը այնուամենայնիվ դնում է անվտանգության խնդիրների վրա,- նկատել է Վիգեն Հակոբյանը:
 
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով հայ-ռուսական համագործակցության խնդիրներին, շեշետեց, որ առաջինը հենց ռազմական համագործակցության խնդիրն է՝
 
- Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է արդեն, որ պետք է առավել արդար լինի համագործակցության գործընթացը, և վստահ եմ, որ Արցախի հարցով հայտարարությունների համատեքստում դա շատ արդիական է:
Ըստ քաղաքագետի՝ հայ-ռուսական հարցերի շրջանակը տեղավորվում է արժանապատիվ հարաբերությունների ձևավորման համատեքստում:
 
 
Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող