«Ավելի բարեկարգ Երևանը» ծառազուրկ խառնափնթորությո՞ւնն է

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Քաղաքացիական հասարակության ինքնաճանաչո՞ւմն է խորանում, թե՞, իսկապես, հանրաշահ պահանջները լսելի դարձնելու այլ ուղի չի մնացել, քան զանգվածային բողոքները՝ ճանապարհներ շրջափակելու, հրաժարականներ պահանջելու տեսքով: Երևի՝ միաժամանակ երկուսն էլ: Կարևորն այստեղ «ձայն բազմաց»-ի կարևորության գիտակցումն է. մանավանդ, եթե այն լսելի է դառնում:
 
Այս շաբաթն սկսվեց Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու լուծարման պահանջներով ուղեկցվող բողոքի ակցիայով, որը շարունակվում մինչ օրս: Այսօր նորից քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիները պնդում էին իրենց պահանջը՝ 
 
- Տարոն Մարգարյանը այն քաղաքապետն է եղել, ով չի կարողացել իրականացնել ժողովրդի պահանջը… Մի մարդ, եթե ցանկալի չէ ժողովրդի համար, պետք է ինքնասիրություն ունենա և հեռանա…
 
Ցուցարարները Երևանի կառավարման թերացումների բուն պատճառը կոռուպցիան են համարում և վստահ են, որ համակարգը վերևից ներքև կոռումպացված է։ Ի ապացույց մատնանշվում է ճանապարհների ու փողոցների ասֆալտապատման խնդիրը, որոնց համար քաղաքապետարանը  մեծ գումարներ է ծախսում, բայց համապատասխան որակ չի ապահովում։ Նաև՝ մայթերի բռնազավթումը, օրավուր ավելացող ապօրինի շինությունները, կանաչ տարածքների վերացումը…
 
- Քաղաքապետարանը հիմնականում անդրադառնում է այն խնդիրներին, որտեղից շահ է ակնկալում,- ասում են ցուցարարները:
 
Երևանի 2800-ամյակի առթիվ Մյասնիկյանի արձանին հարող այգում ծառերի սպանդով շատրվաններ կառուցելու անհարկիությունը ի սկզբանե ակնհայտ էր: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ներկայացուցիչների այն հավաստիացմանը, թե հատված ծառերի տեղում տասնապատիկ ավելի ծառեր կտնկվեն՝ այլևս ոչ մեկի հավատ չի ընծայում: Քանի՜-քանի այդպիսի խոստումներ են հնչել մինչ այս ու ավելին՝ ծառատունկեր են անցկացվել, որոնց ընթացքում տնկված ծառերի քանակը եթե հասցնեինք հաշվել, ապա այսօր Երևանը ծառաստան պիտի դարձած լիներ: Մինչդեռ նոր տնկված ծառերն այդպես տեսանելի չեն, իսկ մայրաքաղաքն իր բնակչության հետ շարունակում է խարխափել վտանգի բոլոր սահմանները գերազանցած կեղտոտ միջավայրում:
 
Ի դեպ, մի խումբ ցուցարարներ այսօր բացել են Մյասնիկյանի արձանին հարող այգին բարուրած ցանկապատ-պաստառը՝ համոզվելով, որ երբեմնի ծառաշատ պուրակում ոչ մի ծառ չի մնացել:
 
- Ամբողջ այգին ավիրել են առանց հանրային լսումների, առանց մարսանգիտական կարծիքի, առանց մեզ հարցնելու: Սա ի՞նչ է: Սա քաղաքի հիշողությունն է, դու քա՞նի գլխանի ես, որ ամեն անգամ ավիրես քաղաքը: Սրա համար պատասխանատու է ոչ միայն քաղաքապետը, այլև ավագանին: Եթե նրանք տեսել են այս նախագիծը և հաստատել են, բոլորը պետք է հատ-հատ պատժվեն: Տարոն Մարգարյանը ոչ թե պետք է հրաժարական տա հանգիստ, այլ պետք է գնա բանտ: Նա իրավունք չունի ազատ քայլել այս քաղաքում: Այդ մարդը վտանգավոր է քաղաքի համար, մեր հանրային ունեցվածքի, մեր հիշողության համար: Թող ճաղերի հետեւից նայի ու հասկանա, թե ինչ է արել: Սա վանդալիզմ է ու դրա պատասխանատուն 50 մետր էն կողմ նստած է, թող գան բռնեն տանեն,- զայրացած ցուցարարների խոսքն է մեջբերել news.am-ը:
 
Իհարկե, Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը  կարող է մնալ որպես օդում կախված բարի ցանկություն՝ եթե նա հրաժարական չտա ինքնակամ կամ՝ կուսակցության պահանջով, որովհետև քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից՝ ձայների մեծամասնությամբ: Իսկ գուցե հենց ավագանու մեծամասնությունը նոր ընտրությամբ նրան փոխարինի ավելի արժանավոր թեկնածուով…