Քայլ 2. չիցե թե այն գայթաքար դառնա

ԸՆՏՐՅԱԼԻՆ ԱՆՍԽԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ

Ոմանց որակմամբ՝ թավշյա հեղափոխությունը, ոմանց «սրբագրմամբ»՝ խշխանափոխությունը խաղաղ հանգրվան հասավ, ինչն իրականում նախաքայլն էր սկզբի: Սկիզբ, որը դեռ շարունակվելու է տևական ժամանակ և որից կախված է հետագա ընթացքը:
 
Այս օրերն ակամա անցյալ դարավերջի Հայաստանն են հիշեցնում՝ համայն աշխարհի զարմանքն հարուցած անցնցում հեղաշրջում, համատարած սեր՝ բոլորի ու ամեն ինչի հանդեպ, միաձայն հիացմունք «տղաների» ամեն որոշման հանդեպ… ՈՒ անվերապահ այդ պաթոսը թույլ չտվեց նկատել, որ նույն «տղաների» թողտվությամբ նոր համակարգի խոտոր հիմքեր են գցվում՝ կադրերի ընտրության «թեկուզ պոլի փետ, բայց անպայման ՀՀՇ-ական» սկզբունքով: Անակնկալից ապշահար՝ բայց նույնիսկ առաջին իսկ ընտրություններում կիրառված սև տեխնոլոգիաները բարձրաձայն չդատապարտվեցին: Այո, եթե շատ անկեղծ՝ ՀՀ հաջորդ նախագահների օրոք շարունակվել է հիմնադիր նախագահի թիմի արկանած խոտոր ճանապարհը՝ մեծացնելով ժողովրդի ու ժողովրդավարության պատնեշ խոչուխութերը:
 
Այսօր նույնպես մեր անցնելիք ճանապարհի նոր հիմնարկեք է խոստացվում, ինչը պաթոսալի է թավշյա հեղափոխության ասպետների ու նրանց բազմահազար համակիրների համար, բայց նաև դեժավյուից զերծ մնալու մտահոգություն պետք է լինի: Կադրերի անսխալ ընտրություն՝ ահա թիվ 1 կարևորությունը, որը կարող է նաև գայթաքար դառնալ, եթե նրանցից որևէ մեկն ինչ-որ պահի մոռանա, որ իր պարտականությունը երկրին ու հանրությանը ծառայելն է, այլ ոչ՝ ծառայեցնելը:
 
- Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում, և մեր կարևորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը: Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ: Էական չէ, թե ինչ է մինչ այս Հայաստանի Հանրապետությունում նշանակել լինել նախարար կամ փոխվարչապետ, հիմա դա պետք է նշանակի բոլորովին այլ բան, էական չէ՝ ինչ է մինչ այս պահը նշանակել ՀՀ վարչապետ, ես հույս ունեմ, որ դա մայիսի 8-ից նշանակում է բոլորովին նոր բան,- իր նշանակած նոր նախարարներին պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, թե հանրությունը պետք է զգա` սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջև:
 
Հաշվետու լինելու և նորաոճության առումով՝ Փաշինյանը հավատարիմ է իր խոսքին. միշտ ժամանակ գտնում է անձամբ տեսախոսք հղել հանրությանը: Ինչ վերաբերում է նորաթուխ նախարարներին՝ տա Աստված, որ նրանցից ոմանցից ստացած առաջին տպավորությունը խաբուսիկ լինի: Տարակուսելի չէ՞ր, հատկապես Սփյուռքի նախարարի նորամուտը: Չէ՜, խոսքը կարծրատիպերից կառչածությունը չէ, պարզապես գործող կառույցի հանդեպ մի տեսակ ոչնչացնող կանխակալ անհանդուրժողությունը նա թաքցնել չէր փորձում (կամ գուցե տարիքն ու դրա հետևանք կենսափորձը թույլ չէր տալիս դա անել): Դեմ չենք, գուցե այնպիսի նոր ծրագրեր ունի, որոնք առավելություններ կներմուծեն, բայց…
 
Մանե Թանդիլյանի պարագայում, օրինակ, ի սկզբանե հավատընծա էր՝ նախարարը հստակ պատկերացնում է անելիքը՝ առնվազն 4-5 քայլերի հաջորդականությունը ծրագրած: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս, զգացվում էր՝ մասնագիտական հմտություններով հանդերձ քաջատեղյակ է համակարգին: Ասել է թե՝ նաև լավ գիտե հրատապ լուծում պահանջող խնդիրներն ու լուծման ուղիները:
 
Ինչ վերաբերում է Մխիթար Հայրապետյանին, ապա նրա՝ նախարարություն մուտք գործելու «արարողությունն» իսկ տարակուսելի էր՝ եթե չասենք տարօրինակ և իրեն միայն ծանոթ-բարեկամներով շրջապատելու նախախոստում: Ի՞նչ է նշանակում ասուլիսի կամ իր մուտքը լուսաբանելու հրավերը ծանուցել ֆեյսբուքյան էջով: Նախ, մինչ այդ անհայտ մի անուն, ում գրառումները տեսնել կարող են բացառապես իր դիմատետրային ընկերները, որոնց մեջ կարող է նաև լրագրողներ լինեն: Ստացվում է՝ միայն նրա՞նց համար է աշխատելու: Ստացվում է, որ Սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանել ցանկացողները պետք է Ֆեյսբուքում ընկերանան Մխիթարին և շուրջօրյա հերթապահեն նրա գրառումներին: Այլապես նորից անտեղյակ կմնան, որովհետև նվազագույնը 400-500 ընկեր ունեցող օգտատերը կարող է չնկատել նրա որևէ ծանուցում, որովհետև հաջորդող գրառումները կփակեն այն:
 
Կամ, սփյուռքահայերի կողմից ընդունելի լինելու համար արժե՞ ինչ-որ խայծ հորինել, թե նրանք ներգրավվելու են մեր կառավարման մեխանիզմներում: Ո՞նց, ի՞նչ սկզբունքով օտարերկրյա քաղաքացին կարող է ընդգրկվել պետական ատյաններում:Կառավարման մարմիններն, ի վերջո, մարզակումբ կամ մազական թիմ չեն, որոնք կարելի է համալրել հաջողակ սպորտսմեններով… 
 
Մի խոսքով, ամենատարբեր «հեծանիվներ» արդեն հորինված են. պարզապես կատարելագործել է պետք՝ եթե առկա է առաջընթաց արձանագրելու միտում: Առավելևս՝ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի խոստումն ունի, որը հանձնարարություն է նորոնշանակ պաշտոնյաների համար՝ 
 
- Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է… Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ: Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար: