Շրջանցում, որն անպայման ուղենշային չէ
ԹՈՒՐՔ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԽՈՍԵԼ ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻՑ
Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձևել էր պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, առանց նախապայմանների: Ճիշտ չէ, որ երրորդ երկրի հետ Անկարան պայմանական հարց արծարծի հարաբերությունների բնականոնացման համար: Երևանը շարունակում է առաջադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը առաջին հերթին նպատակադրում է ցեղասպանությունների կրկնության կանխարգելումը:
Փաշինյանի մոտեցումը միաժամանակ թե՛ արցախյան հակամարտության և թե՛ ցեղասպանության ճանաչման հարցով մերժել է Անկարայի նախապայմանները, ինչը համահունչ է Երևանի մինչ այժմ որդեգրած և կիրառած պաշտոնական կեցվածքին:
Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ վարչապետի այս հայտարարությանը.
- Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ՝ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն:
Արձագանքը պատկանում է ուղղակի Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Գեթ այս բանաձևման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում: Փաստորեն Անկարան պատրաստ է քննարկել դիվանագիտական կապերի հաստատման Երևանի մոտեցումները, եթե Երևանը ճանաչի այսօրվա սահմանը և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:
Բայց ավելի կարևորը այն է, որ Յըլդըրըմը չի ակնարկում վարչապետ Փաշինյանի արծարծած առաջին խնդիրը: Հրապարակված այս արձագանքում Արցախի խնդիրը շրջանցվել է: Թուրք վարչապետը խոսում է Թուրքիային վերաբերող հարցերից:
Արցախի հարցի շրջանցումը այս դեպքում չի կապվում իհարկե ՀՀ վարչապետի այն մատնանշմանը, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հարցին չպետք է առնչել երրորդ կողմը:
Թուրքիայի վարչապետի այս մոտեցումը ուղենշային համարելը հավանաբար կանխահաս է: Այնուամենայնիվ, նախապայմանների առաջնահերթության հարց է ստեղծում, երբ Արցախյան հակամարտության խնդիրը միշտ անմիջականությամբ և հրատապությամբ էր արծարծվում:
Մի հանգամանք ևս. որոշ նրբություն է փոխանցում հարցին ուղենշային բովանդակություն տալու ուղղությամբ: Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցին և ոչ թե հատուկ հայտարարություն է կատարել՝ նոր մեկնարկ կամ նոր գործընթաց սկսելու միտում փոխանցելու իմաստով: Յըլդըրըմը իր հերթին արձագանքել է Փաշինյանի այս պատասխանի մասին դարձյալ լրագրողի տված հարցին:
Հայկական կողմն այս դեպքում որևէ փոփոխություն չի բերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Երևանի որդեգրած դիրքորոշումներին, մինչ թուրքականը շրջանցել է մեկ նախապայման: Ոչ անպայման ընդառաջելով այն մոտեցմանը, որը երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանականացնել երրորդ կողմով:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր