Հավատը նորոգելու բաղկացուցիչները

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԻՐՈ և ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՊԱՀՈՎԵԼ»

Ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին ներկայացնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է համակարգից իր ակնկալիք-պահանջները:
 
Բնականաբար՝ դրանք պետության կայացումն ու կայունութունը երաշխավավորող օրենքի պահանջներն են՝ իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանում, մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանություն, քրեածին ակտիվության ցածր մակարդակ…
 
Կարևոր է, սակայն, որ նա շեշտադրել է օրախնդիր դարձած՝ քաղաքացիներին խցանումներից, անհարմարություններից զերծ պահելու և «քաղաքացիներին անընդհատ և հնարավոր բոլոր առիթներով տուգանելու գործելակերպից, որովհետև նման գործելակերպով մենք, իմ կարծիքով, խաթարում ենք մթնոլորտը երկրում»: 
 
Ամենադրական առումով հավակնոտ է Ն. Փաշինյանի մեկ այլ պահանջը՝
 
- ՀՀ-ում կոռուպցիան պետք է ընդհանրապես արմատախիլ արվի: Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական առումով տեղի ունեցավ ՀՀ-ում՝ շատերը գնահատում էին որպես անհնար մի բան: Հետևաբար, եթե մենք սկսել ենք իրականություն դարձնել անհնարինը, ուրեմն պետք է նույն տեմպով շարունակենք նաև կոռուպցիայի դեմ պայքարը, և ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որևէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձևակերպել եմ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջև: 
 
Հավելումն՝ պետական մարմինների ամենակարևոր գործառույթը նա համարել է քաղաքացիների կյանքը առավել հարմարավետ դարձնելը, Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտ ապահովելը:
 
Ի ԴԵՊ՝ քիչ առաջ իր հրաժարականի մասին ծանուցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ մասնավարապես գրելով՝
 
- Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ:
 
Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:
Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող  եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:
 
Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:
 
Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով:
 
Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ:
 
Աստված մեզ պահապան: