«Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են. Չուքասզյանը քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով 13 օր է՝ հացադուլի մեջ է

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՇԱՐԺԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

 «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանն արդեն 13 օր է՝ հացադուլի մեջ է։ Նա իր այդ քայլով ուշադրություն է հրավիրում Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա։
 
«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ փաստաբանները տեսակցել են նրան, և նա «առողջական շատ մտահոգիչ վիճակում է»։
 
Հիշեցնենք, որ Գարեգին Չուքասզյանը տևական ժամանակ է՝ ընդհատակում էր գտնվում, որտեղից դուրս էր եկել ապրիլի 23-ին, իսկ ապրիլի 24-ի երեկոյան՝ Ծիծեռնակաբերդից իջնելիս, ձերբակալվեց ու կալանավորվեց, ինչից անմիջապես հետո էլ հացադուլ էր հայտարարել։
 
Նա մեղադրվում է 2015 թվականի ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանի»՝ «100-ամյակն առանց ռեժիմի» միջոցառումների շրջանակում անհնազանդության կոչեր անելու, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։
 
- Չուքասզյանի պահանջը շատ հստակ է։ Նա ուզում է, որ մինչև մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի օրը, բոլոր քաղբանտարկյալներն ազատ լինեն։ Մեզ բոլորիս համար բոլոր քաղբանտարկյալների հարցը շատ էական է։ Դա գործնականում և հոգեբանական առումով շատ մեծ նշանակություն ունի այս օրերին։ Վաղվանից հետո, երբ, հուսով ենք՝ առանց որևէ խոչընդոտի, Հայաստանում փաստացի իշխանությունը կփոխվի, ամենաառաջին լուծվող խնդիրներից մեկը, հուսով ենք, կլինի քաղբանտարկյալների խնդիրը։ Առանց բացառության, բոլոր քաղբանտարկյալների,- ընդգծեց Ենիգոմշյանը։
 
Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը «Սասնա ծռեր»-ի և նրանց քաղբանտարկյալ համարելու մասով, Ենիգոմշյանը պատասխանեց.
 
- Բոլորը քաղբանտարկյալներ են՝ ներառյալ «Սասնա ծռերը»։ Դա կամայական, սուբյեկտիվ մոտեցում չի։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 5 չափանիշ է սահմանում քաղբանտարկյալների մասով։ Ցանկացած կալանավորված մարդ, եթե համապատասխանում է այդ 5 կետերից թեկուզ մեկին, նա համարվում է քաղբանտարկյալ։ Այդ չափանիշներով «Սասնա ծռերը» մտնում են քաղբանտարկյալ հասկացության տակ։ Անգամ եթե համարենք, որ նրանք կալանավորման պահին որպես քաղբանտարկյալ չեն կալանավորվել, ապա կալանավորումից հետո քաղաքական պատճառներով հալածանքի ու կտտանքների են ենթարկվել, և նրանք հանգիստ համարվում են քաղհալածյալներ և քաղբանտարկյալներ,- ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ Amnesty International կազմակերպությունն էլ հստակ տարանջատում է մտցնում խղճի և քաղաքական բանտարկյալների միջև:
 
Խղճի բանտարկյալները բացառապես իրենց տեսակետների, հայտարարությունների պատճառով կալանավորված մարդիկ են, իսկ քաղբանտարկյալները նրանք են, որ կարող են, բացի իրենց մտքերից, գաղափարներից, քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ դիմած լինեն քայլերի, որոնք քրեորեն հետապնդելի են, բայց դրդապատճառները քաղաքական են։
 
- Amnesty International-ի սահմանումներով էլ, փաստորեն, «Սասնա ծռերը» մտնում են։ «Սասնա ծռերը» շատ հստակ քաղաքական դրդապատճառով են դիմել այդ քայլին,- ասաց Ենիգոմշյանը։
 
Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ցանկացած կալանավոր ունի խափանման միջոցի փոփոխության իրավունք՝
 
- Ես չեմ ասում՝ այսօր կամ վաղը պետք է բոլոր քաղբանտարկյալների գործերը կարճվեն, դա ժամանակի ընթացքում պետք է լինի, բայց առանց գործերը կարճելու՝ բոլորի խափանման միջոցները պետք է փոփոխվեն։ Դրա համար բոլոր հիմքերը կան։
 
Ենիգոմշյանն ասաց, որ նոր կառավարության ձևավորումից հետո իրենք անպայման կբարձրաձայնեն քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:
 
- Մենք այս օրերին շատ լավ հասկանալով շարժման, հեղափոխության փաստացի դրսևորումները՝ գիտակցաբար երկրորդական-երրորդական պլան ենք տեղափոխել քաղբանտարկյալների խնդիրը։ Այս պայքարը բոլորիս պայքարն էր, պետք չէր վտանգի ենթարկել համաժողովրդական հեղափոխության հաղթանակը, բայց երբ նոր իշխանությունները ձևավորվեն, մենք առաջնային ենք դարձնելու խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը ինքն է ասել, որ իր ընտրվելուց հետո առաջնային է համարելու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Բայց թե դա ինչ ձևով է լինելու՝ կախված է նոր ձևավորվող իշխանության որդեգրած քայլերից։ Եթե որոշ վերապահումներ լինեն, մենք բարեկամական մթնոլորտում պահանջատեր կլինենք խնդրի լուծմանը։ Մենք բացարձակապես արհեստական դժվարություններ ստեղծելու միտումներ չունենք,- եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը։