Գործող կառավարության հրաժեշտի նիստը

ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին` համատեղ աշխատանքի համար:

- Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված:  Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետ վարչապետի պաշտոնակատարը ծանուցել է, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր`

- Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ,  որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը  որոշելու` անել դա, թե ոչ,-ասել է Կ. Կարապետյանը:

Քննարկվել ու ընդունվել են սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարի  մասնակի փոխհատման, հերթական ներդրումային ծրագրերին հատկացվելիք արտոնությունների մասին և մի քանի այլ հարցեր:

Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին` մաղթելով  լավ տրամադրություն  և լավ աշխատանք: