Իհարկե՛ ճամպրուկ չէ իշխանությունը

ՈՉ ԷԼ՝ ԺԱՌԱՆԳՎԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան անհանգիստ օրերի խաղաղ հանգուցալուծումը կարծես արդեն տեսանելի է դառնում, չնայած մեկ-երկու «եթե»-ներ դեռևս բացառելի չեն:
 
Այս օրերին փաստեցինք ամենակարևորը՝ քաղաքացիական հասարակությունը համախմբվում և կայանալու միտում է ցուցաբերում, եթե կա հավատընծա առաջնորդ: Նիկոլ Փաշինյանին հավատաց ժողովուրդը, և հատկապես երիտասարդությունը հավաստեց, որ անտարբեր չէ Հայաստան պետության, ասել է թե իր երկրի ճակատագրի հանդեպ: Անտարբեր չէ ու նաև պահանջատեր է՝ պատրա՛ստ է կազմակերպվել և դառնալ տերն իր երկրի:
 
Տևական ժամանակ հեգնալի դարձած «մերն ուրիշ է» արտահայտությունն ապրիլյան այս օրերիննորից հաճելի իրողություն դարձավ՝ խաղաղ պահանջակոչ: Համաժողովրդակն այս վերազարթոնքից, թերևս, չի կարելի տարանջատել նաև իշխանությունների կեցվածքը: Շարժումը խեղդելու հրահանգ չտալով և իր հրաժարականով՝ վարչապետ Սերժ Սարգսյանն ակամա փաստեց, որ տխրահռչակ մարտի 1-ի ճարտարապետն ինքը չէր:
 
Հանգամանք, որը, դարձյալ ակամա, երեկ վերահաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ НТВ-ի եթերում ծայրահեղություն որակելով ցուցարարների պահանջը: 
 
- Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Ինձ անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորներ, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն:
 
Ընդգծենք՝ նրա դժգոհության սլաքներն ուղղված են նույն Նիկոլ Փաշինյանին, ով 2008-ին պատասխանատվության ենթարկվեց՝ որպես մարտիմեկյան դեպքերի արյունոտ հետևանքների գլխավոր մեղավոր:
 
Ռ. Քոչարյանի այս «դժգոհության» մեջ ակնհատորեն նաև մտավախություն կա՝ մարտի 1-ի արյունահեղության իրական կազմակերպչին բացահայտելու հեռանկարից: Այլապես ինչո՞ւ պետք է նա հանկարծ մտահոգվեր պատգամավորների ինքնասիրության համար: 
 
- Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
 
Ոչ մեկը չի կասկածում, որ նրանցից շատերը ինքնասիրություն էլ ունեն, արժանապատվություն էլ և չկառչեցին ընդամենը մեկ տարի առաջ ստացած մանդատներին՝ անսալով ժողովրդավարության զարթոնքին: