Սադրա՞նք է, թե՞ էժանագին բիզնես

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՐԴ

Այսպիսի «գայթակղիչ» առաջարկների պակաս, իհարկե, վերջին տարիներին չենք ունեցել: «Գայթակղիչ»՝ աշխատազուրկ երկրի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել անսալ ամեն կանչի՝ հեռանալով իրենց երկրից՝ անհայտ հեռուներից ընտանիքներին հաց հանապազօրյայի չնչին գրոշներ ուղարկելու:
 
Գնացել են, և նրանցից շատերի հուսախաբությունն անգամ դաս չի եղել այստեղ մնացած՝ աղքատության ճիրաններում տառապող անզոր մոլորյալների համար:
 
«Գայթակղիչ» մի նամակ էլ այսօր է տարածվել՝ անանուն ինչ-որ կազմակերպության կողմից՝ 
 
- Սանկտ Պետերբուրգում վերանորոգման աշխատանքների համար հրավիրվում ենք արտագնա աշխատանքի:
Աշխատանքի տեսակը և վճարը (-5% այլ պահումներ) ներկայացվում են կից ֆայլով:
 
Աշխատանքի դիմաց վճարի իրականացումը երաշխավորվում է 100%-ով:
 
Ցանկացողները կարող են ստանալ աջակցություն՝ գնալու, տեղավորվելու, ցանկացած անհրաժեշտ պարագաների ձեռք բերման և այլ հարցրերում,
որոնց դիմաց վճարումները կիրականացվեն առաջին աշխատավարձից: 
 
Այլ մանրամասների համար զանգահարել՝ 094-80-58-10, 099-77-54-66  Viber` +374-95-77-54-66
 
Հայտարարության լուսանկարում երջանիկ ժպտացող այս դեմքերը չգիտենք, թե որ երկրում են ապրում, բայց հաստա՛տ Ռուսաստան հրավիրվող բանվորները չեն:
 
Հատկապես այս օրերին, երբ հայ մարդն իր հայրենիքում ապրելու վճռականություն է ցուցաբերում, երբ հայրենադարձության կոչեր են հնչում, նման առաջարկները արդյո՞ք Հայաստանը հայաթափմանը նպաստելու հերթական սադրանքը չեն, կամ ինչ-որ գործարարի կողմից հայ մարդու դատարկ գրպանը սողոսկելու անազնիվ նոր ճիգ: