Ոչ թե՝ ի հեճուկս, այլ՝ հանուն

ՆՈՒՅՆ ՆԺԱՐԻՆ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իշխանության դեմ ընդվզումների նախորդ փորձերի արդյունքներն այսօր ոմանց տագնապ, ոմանց զարմանք են ներշնչում՝ շրջանցել տալով կարևոր մի հանգամանք. նախկինում ցուցարարների կողմից երբեք այսքան հանդուրժողականության, թշնամանքից զերծ մնալու կոչեր չեն հնչել:
 
Նախկինում բուն ասելիքը ավելի շատ հրահրանքի տեսքով է հնչել, իհարկե՝ ի պատասխան իշխանությունների կոշտ արձագանքի: Այսօր փոխադարձ զսպվածությունը կարծես հուշում է, որ ժողովրդի ձայնն արհամարհելու նկրտումը տեղի է տվել: Հավաստիքը վերջին մեկ-երկու շաբաթվա իրողություններն են, որոնք առանց խեղաթյուրումների հասանելի դարձան համայն հայությանն ու աշխարհին՝ շնորհիվ լրատվամիջոցների արհեստավարժ գործունեության: Իսկապես, այս ընթացքը լուսաբանել, այլ ոչ թե մեկնաբանել էր պետք՝ մանավանդ միակողմանի փնովանք-գովեստներով: 
 
Մինչ համայն հայությունն ու հայաստանյան իրավիճակով հետաքրքրված երկրները սպասում են մայիսի 1-ին կայանալիք նիստին, խորհրդարանական քաղուժերը քննարկում են իրենց դերակատարությունը՝ վարչապետի քվեարկությանը: 
 
«Ելք»-ի դիրքորոշումն ի սկզբանե հստակ է: Զգացվում է, որ ՀՀԿ-ն ևս ջանում է որշում կայացնել՝ ստեղծված իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը նպաստելու: Համենայնդեպս՝ կուսակցության վերնախավի վերջին օրերի կեցվածը դա է հուշում: Հավելումն՝  այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը, որ Հանրապետական կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու, թե՞ ոչ:
 
- Ինքնանպատակը չի վարչապետ առաջադրել, ինքնանպատակն է երկիրը մղել առաջ՝ օգտագործելով ստեղծված իրավիճակը: Ցանկացած նման ճգնաժամային իրավիճակ նաև նոր հնարավորությունների ճանապարհ է բացում: Այնպես որ, լավագույն ձևով օգտագործելը այս իրավիճակը Հայաստանի համար՝ սա, կարծում եմ, ամենակարևոր խնդիրն է: Եվ դա է պատճառը, որ մենք այս պահին չենք առանձնացնում մի խնդիրը մյուսից: Այդ խնդիրները իրականում համարում ենք քաղաքական օրակարգի մաս:
 
Ավելին, նա նշել է՝ «Եթե խոսքը վերաբերում է խաղաղ ցույցերին, ուժային լուծումները ես ուղղակի իսպառ բացառում եմ» և ընդգծել, որ քաղաքական ճգնաժամից ելքը տեսնում է միայն քաղաքական եղանակով, քաղաքական շրջանակներում: 
 
Ստացվում է՝ միայն Կարեն Կարապետյա՞նն է ձգտում հաստատվել վարչապետի պաշտոնում: Իհարկե՝ ոչ: Եվ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այս աթոռի հավակնություններ միայն ՀՀԿ-ն ունի:
 
«Ծառուկյան» դաշինքն, ինչպես ասում են՝ «5 պակաս» առաջ համախոհություն հայտնեց շարժմանը, իսկ ՀՅԴ-ն «5 րոպե անց» լքեց այն նույն կոալիցիան, որում ընդգրկվելու համար դեռ մեկ տարի առաջ եռանդ չէր խնայում: Այսքանով հանդերձ՝ խորհրդարանական այս երկու ուժերն էլ դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ մայիսի 1-ին կայանալիք քվեարկության մասին: Նրանց պահվածքի առնչությամբ երկու տեսակետ կա, երկուսն էլ՝ միանգամայն տրամաբանական. կա՛մ իրենց ներկայացուցչին այդ աթոռին տեսնելու հավանականությունն է նրանց հապաղելու պատճառը, կա՛մ՝ իրենց ձայները հնարավորինս «թանկ» «նվիրաբերելու» հեռահար հաշվարկը: Թերևս՝ ավելի ծանր է հավանականության վերջին նժարը:
 
Այսպես թե այնպես, ինչպես ՀՀ նախագահ Ա. Սարգսյանն է նշել՝ պիտի ձգտել ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն: Իրավիճակը պետք է հանգուցալուծվի ոչ թե ի հեճուկս այս կամ այն խմբի, այլ՝ հանուն Հայաստանը չծվատելու: Իսկ որ այդպիսի նկրտումներ արդեն իսկ ցուցաբերում են դրսեկ որոշ ուժեր՝ ակնհայտ է: