Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, հատկապես երբ դա երիտասարդական ավյունով՝ ժողովրդային արդար պահանջատիրության կերպարանք է կրում, ինքնըստինքյան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կյանքում:
Սակայն, նույն առաջընթացը պահպանելու երաշխիքն այն է, որ նշյալ ժողովրդային պահանջատիրությունը նաև առաջանցիկ ձևավորում ու կերպարանք ստանա բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում:
Այլապես նույն քաղաքացիական, ինքնաբուխ, ժողովրդային շարժումը լավագույն դեպքում կվերածվի ինքնանպատակ, եթե կարելի լինի այսպես ասել՝ անարխիական քաոսի, որն էլ բերելու է ներքին թե՛ արտաքին ամեն կարգի չարաշահումների…
Նման ճգնաժամային իրավիճակի չմատնվելու նպատակով արդեն իսկ հայաստանյան պետական կառույցները, ներառյալ քաղաքական ողջամիտ շրջանակները, դրական հանգուցալուծմանը միտող քայլեր են ձեռնարկում:
Նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնակատար փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, քաղաքական կուսակցություն-խմբակցությունները՝ հանձին ՀՅԴ-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի, ու նույնինքն՝ շարժման առաջնորդ համարվող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում են այդ ճգնաժամից ու քաոսային վիճակից խուսափելու և օրենքի իշխանությունը վերականգնելու բանակցային, միջնորդական և երկխոսությունների ինտենսիվ գործընթաց իրականացնել:
Գործընթաց, որն, ինչ խոսք՝ լինելու է դժվարին, բայցև կամային արտահայտության, հանդուրժողականության և փոխըմբռնման պայմաններում՝ հաղթահարելի:
Բարեբախտաբար, միջամուխ բոլոր կողմերի մոտ առկա է գեթ առանցքային մի խնդրում համախոհություն, և դա կառավարման առողջ համակարգի վերականգնման նպատակով խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստմանը միտող հայտարարութիւններն են. իսկ տվյալ դեպքում սահմանադրական օրենքները օժտված են այդ կարգի բարեփոխումների տանող համապատասխան դրույթներով:
Եվ կարևորը՝ համաշխարհային հանրային կարծիքը (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան) պաշտոնական հայտարարություններով հստակորեն ընդգծել է ՀՀ-ում քաղաքական գործընթացների խաղաղ, երկխոսության արդյունքում և երկրի սահմանադրական օրենքների շրջանակում հանգուցալուծվելու կարևորությունը: