Օրինակելի՝ ոչ միայն ներազգային, այլ նաև միջազգային մակարդակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՇԱՁՈՂԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
ՀՀ վարչապետի ընտրության ընթացակարգի մեկնարկի ճշտումը պարտավորեցնում է ճգնաժամի հանգուցալուծման համար քաղաքական երկխոսության հարթակի կայացման և համապատասխան եզրահանգումների արձանագրման արագացում։
Մինչ այս պահը կա համակողմանի մոտեցում՝ գործընթացները պահելու քաղաքակիրթ, խաղաղ սահմաններում, առավելևս հանգուցալուծումները բերելու օրինական դաշտ: Թավշյա հեղափոխության դիմաց կար նաև թավշյա պետական արձագանքում՝ ուժի կիրառումը բացառելու և ընթացակարգը սահմանադրական ու մանավանդ անցնցում պահելու:
Այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, օրինակելի է ոչ միայն ներազգային, այլ նաև միջազգային մակարդակով: Գործընթացները իսկապես բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը: Դժվար պիտի լիներ հիշել ժողովրդավարական կարգերով կառավարվող այլ երկրների օրինակներ, ուր ժողովուրդն անընդհատ բողոքի գործողություններով ինքն իրեն դրսևորեր՝ գիտակցելով, որ այդ գործողություններին պետք է տա բացառապես խաղաղ բնույթ, որի դիմաց իրավապահ մարմինները, հակառակ բերման ենթարկելու պարագայական կոշտ վերաբերումներին, ընդհանրապես խուսափեցին պատահարներին անհամաչափ ուժ ցուցաբերելու փորձությունից:
Այստեղ առանձնապես պետք է ընդգծել նաև վարչապետի հրաժարական տալու գործողության և տեքստի պետականության բարձր մակարդակը, ուր առաջնային կերպով գերադասվել էր երկրի անդորրը, անվտանգությունը, համերաշխությունը:
Իրենց ամբողջության մեջ գործընթացները համակողմանիորեն Հայաստանի Հանրապետությունը վերածեցին ժողովրդավարության մոդել պետության և հասարակության:
Հաճախ, տարբեր առիթներով կատարված վերլուծություններում թե՛ իրավական և թե՛ քաղաքական առումներով, շեշտվում են եվրոպական արժեհամակարգի որդեգրման անհրաժեշտությունը մեր երկրի կողմից և այդ ուղղությամբ փուլ առ փուլ պարտավորությունները կատարելու պահանջների հիշեցումները: Դժվար չպիտի լիներ ընկալելը, որ գեթ այս դեպքում եվրոպական շատ երկրներ գուցե նաևանհրաժեշտությունը զգային որդեգրելու հայկական մոդելն ու պետական-հասարակական արժեհամակարգի դրսևորած մոտեցումները:
Այս բոլորը կապ չունեն իհարկե մեկնող-գալիք իշխանությունների գնահատականների հետ: Այս բոլորը մինչ այժմ արձանագրված-արձանագրվող գործընթացների ունեցած դրական ազդեցությանն են վերաբերում՝ մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկի բարձրացման մեջ: Ի վերջո, գրանցվել է համաժողովրդային կամքի կամարտահայտություն, որի դիմաց՝ վարչապետի հրաժարական: Բախումների բացառում, խաղաղ եղանակի որդեգրման ու կիրառման կոչեր, իրականացումներ և իրավապահ մարմինների արհեստավարժ գործելաոճի առարկայացում ու ուժի կիրառումից խուսափելու վճռականություն:
Այս բնութագրումները կապ չունեն նաև գեթ այսօր միանձնյա ղեկավարությամբ հատկանշվող համաժողովրդային ընդդիմությանը իշխանություն ստանձնելու դեպքում անվտանգության և արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների հետ առնչված հայեցակարգային անորոշությունների առիթ տված տեղին մտահոգությունների հետ:
Այդ հարցերը կան և պիտի հստակացվեն դեռևս։ Խնդիրը այսօր ժողովրդավարական դիմագծի պայծառացման և միջազգային վարկավորմանն է վերաբերում: Եվ բոլոր պատճառներն ու արդար ակնկալությունները կան, որ գիտակցական այս համակողմանի բարձր մակարդակը ինքն իրեն զգալի դարձնի նաև հետագա հանգուցալուծումների գործընթացներում՝ միշտ գերադասելով այդ բոլորի սահմանադրականությունն ու օրինական դաշտում դրանց կայացումը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր