Գայլերը կուշտ են, նրանց խայծն ուտողները՝ անիծված
ԿԱՐՄԻՐ ԿՈՎՆ ԻՐ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ

«Կարմիր կովն իր կաշին չի փոխի» ասացվածքը, փաստորեն, նաև ընտրական գործընթացներում է աշխատում: Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված օլիգարխները ֆինանսական ահռելի ռեսուրսի օգտագործմամբ՝ 10.000-15.000 դրամ ընտրակաշառք բաժանելով, անհրաժեշտ քվեներ հավաքեցին և խցկվեցին հայրենի խորհրդարան:
Որքան էլ հասարակական-քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ արդեն քանի տարի գոռում-գոչում են, հորդորում են՝ չվաճառել իրենց ապագան, միևնույնն է, ընտրողի գիտակցության սայլը տեղից չի շարժվում:
Այս ընտրություններն էլ բացառություն չէին:
Իհարկե, եթե իրական-իրատեսական այլընտրանք առաջարկեր ընդդիմությունը, միասնական հանդես գար՝ գուցե ընտրակաշառքի գործոնը չաշխատեր: Բայց... Խոհեմության խոփն այս անգամ էլ դեմ առավ գրոշասիրության ապառաժին:
Իրավիճակից լավագույն ելքն այն է, երբ «համ գայլերն են կուշտ, համ՝ ոչխարները կենդանի»: Սակայն՝ ո՛չ այս դեպքում:
Ընտրակաշառքներ շռայլելուց ընդամենը մի քանի օր է անցել, և ահա տնտեսության մեջ իրենց որոշիչ դերն ունեցող օլիգարխ-«ազգընտիրները» արդեն առաջին անհրաժեշտության մթերքների գնային «թեթև» հպումով ետ են բերում իրենց կորցրածը: Ի վերջո, բիզնեսում ամեն ինչ հստակ է` բաժանիր, որ հետ բերես:
Իսկ ի՞նչ շահեց 10.000-15.000 դրամ ստացած ընտրողը: Բացարձակապես՝ ոչի՛նչ: Կորցրեց ոչ միայն քվեն, այլև նախկին գները, որով գոնե մերթընմերթ կարող էր միրգ ու բանջարեղեն համտեսել: Եվ ընտրության հաջորդ իսկ օրից կոտրած տաշտակի առաջ կանգնելով՝ նորից անիծում է խավարը, քանի որ նվեր ստացած 10.000 դրամով մինչև Սուբ Զատիկ անգամ գոյատել անկարող է. Էլ ո՞ւր մնաց ձուկ, բանջար, պես-պես ձվեր դնի տոնական սեղանին: Ջիվանին կասեր` խելքի աշեցեք: