Թեժ գծից ստացված տեղեկատվության համաձայն

Ապրիլի 23-ին ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել առնվազն 50 մարդ, որոնք հիմնականում դասադուլի մասնակցող ուսանողներ էին և բերման են ենթարկվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դասադուլ են հայտարարել Երևանի 11 համալսարան:

Այսօր առավոտյան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ շուրջ 8 ոստիկան հարձակվել և մեքենայից դուրս են հանել նույն համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին և դաժան ծեծի ենթարկել նրան: Բժիշկը գանգուղեղային վնասվածքով և այտոսկրի կոտրվածքով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:

Թեժ գծին ստացված տեղեկատվության համաձայն՝ մոտ 40 զինվորական միացել է ցուցարարներին: 

Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ Երևանում, Նոյեմբերյանում, Հրազդանում, Էջմիածնում և Արմավիրի Մյասնիկյան գյուղում դպրոցներում ահաբեկում են աշակերտներին և թույլ չեն տալիս մասնակցել հակակառավարական ցույցերին:

Ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ ձերբակալված է 33 քաղաքացի: Ապրիլի 17-23 ժամանակահատվածում բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 1000-ը: Տուգանային հրապարակ է տեղափոխվել մոտ 500 ավտոմեքենա:

 

Իրավապաշտպանների թեժ գիծ

ՀԱՎԵԼՈՒՄՆ` Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի
Երևանի հիվանդանոցներում ապրիլի 23-ին ժամը 11։00-ի դրությամբ բուժվում է հավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Նրացից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։
 

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: