Ազգային համերաշխությունը՝ անվտանգության երաշխիք...

ԻՐԱՆ. ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր 
 
 
Օրվա հետ ամեն քայլափոխի և ամենուր թեմատիկ զրույցը դոլարի թանկացման ու դրանից բխող հետևանքներն են… ոչ միայն օրենսդիրի (խորհրդարան) նիստում լսել չուզեցին Կենտրոնական բանկի նախագահ Սէյֆի «արդարացումները», այլև նագախահի առաջին օգնական Ջհանգիրիի վերջնագիրը՝ տարադրամի 4200 թումանով գործարկման մասին, բանի տեղ չդրեցին նույնինքն տարադրամային փոխանակման կենտրոնները:
 
Տնտեսական տագնապն իր բոլոր երեսներով, անշուշտ, բխում է թե՛ ներքին, թե՛ արտաքին համարժեք ազդակներից‎, որոնք դեռևս ուղեկցել են Ռոհանիի նախագահության առաջին շրջանի տնտեսական բարեփոխումներին միտող քաղաքականությանը, որի հիմքում էլ ընկած էր «բարջամի» (միջուկային համաձայնագիր) ներդրումային դրական միտումները:
 
Ռոհանիի «Հույս»-ի կառավարությանը ընդդիմադիր հոսանքները, սակայն, ի սկզբանե միևնույն «բարջամի» քաղաքական գնահատականներում մշտապես թերահավատ կեցվածք որդեգրելով՝ ուղղակի թե՛ անուղղակի պատվար են հանդիսացել տնտեսական բարեփոխումների այսպես ասած՝ արևմտամետ լիբերալ կուրսին, որի արդյունքն էլ, ահա, այսօրյա տնտեսական համընդհանուր տագնապն է՝ ազգային դրամի արժեզրկման հաշվին ու դոլարային ներկայիս տեսքով…:
 
Տվյալ դեպքում պարադոքսալ է հնչում այն, որ ստացվում է՝ «բարջամին ընդդիմանում են թե՛ Սպիտակ տան ղեկավարը և թե՛ ներքին ընդդիմախոսներ…
 
Սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական դրսևորվող խմորումներին զուգընթաց, Իրանի Իսլամական Հանրապետության համընդհանուր շահերին որպես մարտահրավեր՝ օրակարգում են նաև ու մանավանդ արտաքին թե՛ նոր տնտեսական սանկցիաները, և թե՛ բարձրաձայնվող զինվորական սպառնալիքները՝ կապված իրանական տարածաշրջանային քաղաքականության հետ, որը չի հանդուրժվում ինչպես մեծապետական, այնպես էլ այս վերջին շրջանային արբանյակների կողմից:
 
Այսպես թե այնպես՝ առանցքում Իրանի ազգային ու պետական շահերի, հողային ամբողջականության ու առհասարակ այս բոլորի անվտանգության առաջնահերթությունն է, որն էլ թվում է, թէ պէտք է գերակա նպատակ սեպվի քաղաքական, կառավարական, թե՛ իշխանական էլիտայի համար, որպեսզի օր առաջ ձևավորվի ու ամրապնդվի ազգային համերաշխության այն մթնոլորտը, որի առկայությամբ էլ հաստատապես հաղթահարվելու են թե՛ ներքին և թե՛ արտաքին ներուժ ու ներգործոն սպառնալիք-մարտահրավերները…: