Առաջին կամ չորրորդ նախագահի մեսիջները

ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ. ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ

Հայաստանի 4-րդ հանրապետության առաջին կամ պարզապես ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը երեկ տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյան  մարզահամերգային համալիրում:
 
Նրա սահուն, բայց նաև կարևոր մեսիջներ պարունակող ելույթին արժե անդրադառնալ՝ մի քանի կարևոր կետ առանձնացնելով:
 
Նախ, «խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից»արտահայտությամբ Արմեն Սարգսյանը հստակ ակնարկում է, թե ինքը պատասխանատու չէ նախկինների բացթողումների համար: Իսկ մինչև իր երդմնակալությունը նա  հայտարարել էր՝ ինքը ոչ թե երրորդ հանրապետության 4-րդ, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահն է:
 
Երկրորդ մեսիջը, որի մասին խոսում էին հասարակական-քաղաքական շրջանակները, Արմեն Սարգսյանի միջազգային կապերի օգտագործումն է ի բարօրություն Հայաստանի: Ելությում Սարգսյանը դրան էլ անդրադարձավ.
 
- Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաև այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը՝ մտավորականներից մինչև պարզ քաղաքացիներ, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները:
 
Սարգսյանի երրորդ մեսիջը վերաբերում էր գիտության զարգացմանը: Բավական ցավոտ  խնդիր, որը պարբերաբար բարձրաձայնում է հանրության գիտական հատվածը:
 
- …Ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները և դրանք առաջարկենք աշխարհին:
 
Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: 
 
Տեսլականը, որն առաջարկում է նորընտիր նախագահը, բավական գայթակղիչ է, սակայն դառը իրականությունը պետք է հաշվի առնել: Գիտության զարգացման հենքը արտադրությունն է: Սակայն 1990-ականներից սկսած՝ արտաքին ուժերի միջամտությամբ հետևողականորեն ոչնչացվեց Հայաստանի արդյունաբերությունը: Ավելին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, գույք-պարտքի դիմաց  հակապետական գործարքով հսկայան  գործարաններ դարձան Ռուսաստանի սեփականությունը: Թվում էր, որ  մեր դաշնակից Մոսկվան կաշխատեցնի դրանք, սակայն եղավ  հակառակը: Ռուսամետների այն թեզը, թե Հայաստանում ինչ ձեռնարկություն կա աշխատող, ՌԴ-ին հատկացվածներն են, իրականությանը չի համապատասխանում: Որտե՞ղ են գործարանների աշխատակիցները, ի՞նչ են արտադրում այդ գործարանները՝ ոչ ոք դա չի տեսնում: Այսինքն՝ ինչ կա, որ ինչ էլ տեսնեն: Իսկ նոր գործարան կառուցելն այսօր ծախսատար  ու ժամանակատար է:
 
Չորրորդ մեսիջը  կարելի է որակել որպես ընդդիմադիր գործչի խոսք.
 
- Սակայն, ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են: …Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է: 
 
Ինչպե՞ս է Արմեն Սարգսյանն այս խնդիրները լուծելու, եթե  նրա լծակները բավական սահմանափակ են: Հազիվ թե քաղաքական կամքը, խնդիրները պարբերաբար բարձրաձայնելը արդյունք տա: Քաղաքացու խնդիրները  լուծող առաջին կառույցը, նոր Սահմանադրությամբ,  կառավարությունն է: Կկարողանա՞ նոր կառավարությունը սայլը տեղից շարժել: 
 
Սակայն կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա: Այսպիսի խոստումներ լսել ենք նաև նախկիններից, ովքեր ունեցել են խնդիրները լուծելու բարի կամք ու անկեղծ ցանկություն: Բայց օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով դրանք չեն իրականացվել: Ավելին՝ անգամ խոստումները չկատարելու պատճառները չեն հնչել: Մինչդեռ այդ ամենի հետևանքով  հայրենիքից հեռացողների պակաս չենք ունեցել: Այն, ինչի մասին խոսում է Արմեն Սարգսյանը՝ ինքը տեսել է դրսից, իսկ հայաստանաբնակ շարքային քաղաքացին ամեն օր ապրում է այդ բեռով ու երազում, որ բարի ցանկություններն ի վերջո իրականություն դառնան: Ու եթե այս անգամ էլ ոչինչ չփոխվի, պատճառների մասին էլ չխոսվի, արտագաղթի ահագնացող ալիքն իր հորձանուտը կառնի Հայաստանը լքող նոր քարավաններ: Այդժամ, երևի, ավելորդ կլինի խոսել ինչ-որ ծրագրերից ու խոստումներ հնչեցնել: 
 
Որքան էլ խոսվում է, թե սահմանափակ են ՀՀ նախագահի լիազորությունները, միևնույն է՝ երկրի ապագայի հանդեպ նրա պատասխանատվությունը չի վերանում: Ավելին, գործադիրի հետ մտահոգ համագործակցության դեպքում կարող են լուծելի դառնալ գեթ հրատապ խնդիրները՝ աշխատանք, սոցապահովություն, պաշտպանունակության մեծացում: Այս «հարահոսը» գործի դնելու դեպքում մնացյալ խնդիրներն ածանցյալ կդառնան՝ «ձեռքի հետ» լուծվող: