Պետականամետ կեցվածք` համազգային միասնականությամբ

Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության դրույթներով ամրագրված համակարգային նոր փոփոխություններն սկիզբ առան համապատասխան լիազորություններով օժտված 4-րդ նախագահի` դոկտ. Արմեն Սարգսյանի ընտրությամբ` Ազգային ժողովի կողմից: Իսկ այսօր` ապրիլի 9-ին, կայացավ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը` Ծիծեռնակաբերդի Կարեն Դեմիրճյանի անվան հուշահամալիրում:

Նորընտիր նախագահի մանդատն հաստատելուց հետո, արդեն պառլամենտական համակարգի անցած ՀՀ Ազգային ժողովը ներկայիս կառավարութեան գործունեությունն ավարտված համարելով` միջամուխ է լինելու նոր վարչապետի ընտրության ու վերջինիս գլխավորությամբ կառավարության նոր կաբինետ ձևավորելու պարտականությանը:

Նո՛ր նախագահ, նո՛ր վարչապետ ու նո՛ր կառավարություն` Հանրապետության խորհրդարանական նո՛ր համակարգով…

Անշուշտ, 2018 թվականը վերանկախացած Հայաստանի Հանրապետության 27-ամյա կենսագրության շրջադարձային տարեթիվ է հանդիսանալու` համընկնելով պատմական ծանրակշիռ այն տարեթվի 100-ամյակին` 1918 թ. Մայիսի 28-ին, որի հիմքում էլ ամրակայվել է Հայոց պետականության անկախության գաղափարի կենսագործունեությունը` Հայաստանի Հանրապետության հռչակմամբ:

….Ու սկսյալ նորընտիր նախագահի երդման արարողությունից և Հայաստան երկրում համակարգային նոր կառույցների ձևավորումից, ընդհուպ մինչև այդ բոլորի զորեղացման ու կայացման խորհուրդ պատգամի` Սարդարապատյան դարակերտ հաղթանակի 100-րդ տարեդարձի նշանավորումը, բարոյական ծանրակշիռ պարտք է վիճակված բոլորիս, որպեսզի համազգային միասնականությամբ ու պետականամետ կեցվածքներով ընդառաջ գնանք և նորանոր ուղիներ հարթենք Հայաստան աշխարհի ու բովանդակ հայության արժանավայել ապագայի սիրույն…

 

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր