Վերջապես մեր ընտրություններն էլ գովեցին

ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց կարծքիներն են հրապարակում նաև միջազգային տարբեր կառույցներ, և հակառակ նախորդ դեպքերի՝ գնահատականները հիմնականում դրական են: Մինչ այս՝ նախագահական ընտրություններից հետո հնչող շնորհավորանքներն անգամ շատ ժլատ էին լինում, իսկ այս անգամ նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը չի զլացել և հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.  
 
-ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր  կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար:
Քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը: ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:
 
ԱՄՆ դեսպանատունը նաև ՀՀ կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորել է «աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները»: Խոսքը, իհարկե, վերը նշված ընտրակաշառքների և ընտրողների վրա գործադրված ճնշումների մասին է:
 
Առաջներում իրենց հավաքած քվեների պակասությունից դժգոհող քաղաքական ուժերը միջազգային կառույցների ու կազմակերպությունների կարծիքները վկայակոչելով՝ անվարան հայտարարում էին, թե իրենց ձայները գողացվել են, թե միայն լցոնումների, կարուսելների ու նման երևույթների պատճառով է մեկ այլ ուժ իրենց փոխարեն իշխանության եկել կամ ԱԺ մտել: Ճիշտ է՝ ՕՐՕ-ն արդեն ԿԸՀ է դիմել՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե մատնահետքերի համընկնումներ առկա չե՞ն արդյոք: Սակայն ակնհայտ է, որ դա բավարար չէ՝ ո՛չ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, ոչ էլ բողոքի զանգվածային հավաքներ կազմակերպելու համար: Այնպես որ, երևում է՝ նույնիսկ գրանտատու և գրանտակեր կազմակերպությունները դրա վրա հույս չեն դնում և երևի սպասում են ՀՀ ներքին իրավիճակը լարելու նոր առիթի: 
 
Միայն թե լավ կլինի՝ արդեն թոթափենք ընտրություններով հագեցած առօրյան և մտքերն ու գործողություններն ուղղենք երկրի անվտանգության կողմը: Ընդամենը մեկ տարի առաջ այս օրերին թեժ պատերազմ էր, իսկ որ նոր թեժացումներ չեն լինի՝ ոչնչով երաշխավորված չէ: