4514 խախտում և 3270 դատավճիռ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԽԱԽՏՈՂՆ Է
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Հուրիեթ» թերթում թուրք փորձառու լրագրող Սեդաթ Էրգինը գրել էր, որ «Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մարդու իրավունքների խախտումների առաջամարտիկն է»: Եվրոպական դատարանը դատական գործերի վերաբերյալ որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած պետությունները խախտում են դրա դրույթները:
Թեև Թուրքիան միացել է Եվրադատարանին վերջինիս հիմնադրումից 27 տարի անց` 1986 թվականին, սակայն այնտեղ ավելի շատ խախտումներ են եղել, քան մյուս բոլոր անդամ երկրներում 1959-2016 թթ. ընկած ժամանակահատվածում:
Եվրադատարանը Թուրքիայի վերաբերյալ ընդհանուր առմամբ կայացրել է 3270 դատավճիռ, որոնցից 2889-ում հայտնաբերվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Դատարանը հայտնաբերել է, որ Թուրքիան միայն 73 դեպքում որևէ խախտում չի կատարել: Մնացած դեպքերում հայցերը լուծվել են այլ կերպ: Քանի որ գործերի մեծ մասում գրանցվել է ավելի քան մեկ խախտում, ուստի Թուրքիայի խախտումների ընդհանուր թիվը կազմել է 4514:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի տարեկան զեկույցում նշված է`
- Առավել մեծ թվով թուրքական խախտումները (832) եղել են «արդար դատավարության իրավունքի» ոլորտում:
- Երկրորդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (707 խախտում) «ազատության և անվտանգության իրավունքն է»: Այս վերջին տեսակը նշանակում է, որ «Թուրքիայի քաղաքացիները հաճախ ձերբակալվում են ապօրինի մեթոդներով, և այդ ձերբակալությունները կարող են հեշտությամբ վերածվել դատավճիռների»` ըստ Էրգինի:
- Խախտումների 3-րդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (653) «սեփականության պահպանության իրավունքն» է, ինչը նշանակում է, որ շատ թուրք քաղաքացիներ զրկված են սեփականության իրավունքից:
- 4-րդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (586) «վարույթների տևողության» խախտումն է:
- «Արդյունավետ քննության բացակայությունը» 5-րդ տեղում է` 412 խախտմամբ:
- «Անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը» 6-րդ տեղում է`314 խախտմամբ:
- 7-րդ տեղում է «արդյունավետ պաշտպանության իրավունքը» (268 խախտում):
- «Արտահայտման ազատությունը» 8-րդ տեղում է (265 խախտում), իսկ 9-րդ տեղում «կյանքի իրավունքի՝ կյանքից զրկելու» 133 խախտումներն են:
- 10-րդ տեղում «անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի» խախտումներն են (100 խախտում):
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ 2002-2016 թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եղել է 122 դատական հայց, որոնցից 118-ում հայտնաբերվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, որոնք շատ ավելի քիչ են, քան Թուրքիայինը, քանի որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին միացել է ավելի ուշ` 2002 թվականին: Մնացած չորս դեպքերը լուծվել են այլ կերպ: Քանի որ որոշ դեպքերում եղել են մեկից ավելի խախտումներ, ապա Ադրբեջանն ունեցել է ընդամենը 224 խախտում:
- Առավել մեծ թվով խախտումները (44) եղել են «արդար դատավարության իրավունքի» ոլորտում:
- Երկրորդ առավել մեծաթիվը (34) «ազատության և անվտանգության իրավունքի» խախտումներն են :
- 3-րդը (30)` «սեփականության պահպանության», 4-րդը (21)` «ազատ ընտրությունների իրավունքի»:
- «Արդյունավետ քննության բացակայությունը» 5-րդ առավել մեծ թվով խախտումն էր (17):
Բացի վերոնշյալ խախտումներից, Թուրքիան և Ադրբեջանը ՄԻԵԴ-ի հետ շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն: 2016 թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիան որոշել է կասեցնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Սակայն Կոնվենցիայի որոշ հատվածներ չեն կարող կասեցվել, ինչպիսիք են կյանքի իրավունքը և խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը:
Ադրբեջանը ևս մեկ լուրջ խնդիր ունի ՄԻԵԴ-ի հետ, որը վճռել է, որ հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը պետք է ազատ արձակվի բանտից:
2014 թվականից Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն և Խորհրդարանական վեհաժողովը մի շարք որոշումներ են կայացրել` կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել Մամեդովին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախաձեռնել է դատական գործի աննախադեպ վերանայում` ՄԻԵԴ-ի որոշմանը Ադրբեջանի անհամաձայնության պատճառով: Ադրբեջանի կողմից որոշման հետագա չկատարումը կարող է հանգեցնել նրա վտարմանը Եվրոպայի Խորհրդից...
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի