ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ-ն ամենափոքրաթիվն է

Նոր՝ խորհրդարնական կառավարման Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովը ներկայացված կլինի ավելի փոքրաթիվ պատգամավորներով, քան նախորդները: Ըստ էության նոր ընտրակարգը հնարավորություն էր տալիս, որ ԱԺ մանդատ ստացող պատգամավորների թիվը տատանվի 101-180-ի միջակայքում: Ներկա խորհրդարանը, այսպիսով, ունենալու է 105 պատգամավոր, որից 4-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Սա սահմանված նվազագույն քանակն է:

Արդեն հրապարակել են խորհրդարան անցած չուրս քաղաքական ուժերի պատգամավորների թիվն ու ազգանունները: Այսպիսով՝ ՀՀԿ-ն ԱԺ է մտնելու 55 մանդատով, «Ծառուկյան դաշինքը»՝ 30, «Ելքը»՝ 9 և Դաշնակցությունը՝ 7: Թե ինչ բանաձևով են այս թվերը հաշվարկվել, Հանրայինի հեռուստաեթերով պարզաբանել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ սկզբունքը հասկանալուց հետո մաթամատիկայի տարրական գիտելիքները բավական են, որպեսզի ամեն մարդ կարողանա դրանց ճշգրտության մեջ համոզվել:      
Ակնհայտ է՝ նախկին Ազգային ժողովներից սովորական դարձած շատ դեմքեր վեցերորդ գումարման խորհրդարանում չեն լինելու, Աժ կազմը ոչ միայն փոքրացել է, այլև թարմացվել: Սակայն նոր ուժեր, որպես այդպիսին, խորհրդարանական Հայաստանի օրենսդիր մարմնում համարյա չհայտնվեցին: Նույն ՀՀԿ-ն է, նույն «Բարգավաճը»՝ իր դաշնակիցներով, նույն Դաշնակցությունը: «Ելք»-ի մուտքով էլ վերստին բացաշունչ ելույթներ կունենան Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը: 
 
«Ծառուկյան» դաշինքն արդեն հայտարարել է, որ ԱԺ է մտնում որպես ընդդիմադիր ուժ. Անկասկած՝ ընդդիմադիր  դրսևորումներով է գործելու նաև «Ելքը»: Ապրիլի 2-ի ընտրությունները քննարկող տարբեր վերլուծաբաններ էլ կարծիք են հայտնել, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի: 
 
Ժողովրդավար համարվող կամ այդպիսին դառնալու ձգտումներ ունեցող պետություններում որակյալ ընդդիմությունը թերևս ամենամեծ պարգևն է: Եթե նա կարողամում է վեր հանել իշխանության գործունեության թերությունները, միաժամանակ նկատում է արված դրական գործը և չի փորձում դրանք սև լույսի ներքո ներկայացնել, շահողը միայն պետությունն է լինում: Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական փոփոխություններով և նոր խորհրդարան ձևավորելով՝    ոտք է դրել մի չտրորված ու վտանգավոր ճանապարհ: Թե երկիրն այդ ճանապարհով որքանով ապահով կանցնի՝ այժմ արդեն մեծապես կախված է լինելու իշխանություն-ընդդիմություն խաղի ազնվությունից: