«Կապույտ մազեր» օպերացիայի հավանական պատվիրատուները
ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿԻՐԸ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Արդեն մի քանի օր է՝ ֆեյսբուքահայությունը քննարկում է այսպես կոչված «կապույտ մազեր» օպերացիան: 19 տարեկան կապտամազ մի աղջիկ պնդում է, թե փետրվարին ոստիկանների անօրինության զոհ է դարձել ու չգիտես ինչու՝ դրա մասին բողոքում է մարտի վերջին: Այն, ինչ պատմել է Ասյան, առաջին հայացքից «ամոթալի» էր, սակայն երբ վերլուծում ես հանգամանքները, կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Իր արտաքինով տարբերվող աղջկան, որը կարող է փողոցում ծխել, գիշերային ժամերին պատռված զուգագուլպայով շրջել, գրավել է արցախցի ոստիկանների ուշադրությունը: Ասյա Խաչատրյանի խոսքով՝ իրեն տարել են բաժին, հետը դու-ով են խոսել, հետո էլ ասել են՝ կգնաս Հայաստանում օրենք կպահանջես:
Ասյայի պաշտպաններն անմիջապես սկսեցին աղմկել, թե սա՞ է Արցախի ժողովրդավարությունը, որն այդքան թմբկահարում են մեր իշխանությունը, արևմտյան չինովնիկները, ի՜նչ իրավունքով են մարդուն իր արտաքինի համար բերման ենթարկում: Մինչդեռ, մեր կարծիքով, Ասյային Արցախ ուղարկողների սցենարն այնքան լավ էր մշակված, խայծն էլ ոստիկանների կողմից այնքան մարսված, որ անգամ Արցախի փոխոստիկանապետն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին անակնկալի եկել:
Փոխոստիկանապետը հավաստիացրել է, որ եթե այդպիսի բան է եղել, ապա ոստիկանները կպատժվեն: ՄԻՊ-ն էլ մի քանի հրապարակային հարցեր էր բարձրաձայնել: Նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը ևս չուշացավ՝ ծառայողական քննություն սկսել: Ավելին, մամլո խոսնակը հայտարարեց, որ «ղարաբաղցի-հայաստանցի» արհեստական և աննորմալ տարբերակումը հայոց պետականության դեմ է: Այսինքն՝ Արցախի նախագահի մամլո խոսնակն ակնարկում է, որ սա լավ մշակված սցենար է հայոց պետականության դեմ: Իսկ ի՞նչ նպատակով և ո՞ւմ ձեռքի գործն է՝ հիմա դժվար է հստակ ասել, բայց մի քանի վարկած, այնուամենայնիվ, կա:
Առաջին՝ աղջիկը մեկ ամիս առաջ տեղի ունեցածի մասին այնքան վարժ, մանրակրկիտ, առանց որևէ մանրամասն մոռանալու պատմում է epress.am լրատվականին, որն, ըստ տեղեկությունների, միջնորդ գրանտակեր կազմակերպությունների միջոցով սնվում է Ադրբեջանից: Պատմում է այն կայքին, որն օգտագործում է «գրավյալ տարածքներ» արտահայտությունը, ինչպես նաև ակտիվորեն տարածում է ադրբեջանական քարոզչությունը: Հետևաբար, չի բացառվում, որ սա մեր ոխերիմ հարևանի ձեռքի գործն է:
Երկրորդ վարկածը մերօրյա այն իրողությունից է բխում, որ գերտերությունները չեն հանդուրժում, երբ այս կամ այն պետությունը սկսում է ծաղկել: Չեն հանդուրժում և իրենց հպատակ դարձած կազմակերպությունների ֆինանսավորելով՝ ժողովրդավարության քողի ներքո ներքին խժդժություններ են հրահրում: Իսկ Արցախը ծաղկում է՝ ամրապնդելով իր ինքնորոշված անկախությունը
Չորրոդ վարկածը Ռուսաստանին է առնչվում: Այո, ռուս-թուրքադրբեջանակամ տանդեմն այսօր առավել ակնհայտ է: Իսկ Հայաստանի հաշվին Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալը Ռուսաստանի մշտական գործելաոճն է: Հաճոյանալու լավ առիթ է Արցախը, որը որպես ինքնուրույն պետականություն կայանալով՝ միաժամանակ առաջ է տանում իր անկախության ճանաչման հարցը: Սա Ռուսաստանին չի կարող դուր գալ, հատկապես՝ որ նոր պատերազմի շունչը կարծես թե զգացվում է: Իսկ հնարավոր (կամ՝ հավանական) նոր պատերազմում Հայաստանից կամավորների մուտքը ռազմաճակատ, Արցախի և Հայաստանի միջև սեպ խրելու լավագույն տարբերակը երկու հայկական երկու պետությունների միջև հակասություններ ծագեցնել է: Ասյան լավ միջոց էր՝ դրան հասնելու:
Չմոռանանք, որ «կապույտ մազեր» օպերացիայից բացի՝ Ռուսաստանը մեկ այլ միջոցի էլ է դիմել՝ հրազենով զինված ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայել Երևանում և Գյումրիում: Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացումից հետո գուցե Մոսկվան փորձում է իր ներկայությունը մեծացնել Հայաստանում, և, ինչու չէ՝ պատերազմի դեպքում նաև որոշակի գործողություններ ձեռնարկել: Բնականաբար՝ ոչ ի շահ Հայաստանի ու Արցախի:
Հ.Գ. Եթե հավատանք Արցախում մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանին, ապա Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ Վրաստանով գնացել է Բաքու, սակայն Իսագուլյանը դրան ուշադրություն չի դարձրել: Եթե այդպես է, ապա փոքր չէ Գառնիկ Իսագուլյանի մեղքի բաժինը: Այլ խնդիր է, որ նրա այս հայտարարությունը կարող է զգոնացման նպատակ ունենալ: Պատերազմող երկիրը զգոնությունը թուլացնելու իրավունք չունի: