Ղո՞ւշ, թե՞ գիր ՀՅԴ-ի համար
ՀԱԿԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ
ԱԺ-ի ընտրությունների արդյունքների մասին անհրաժեշտ շեմը հաղթահարած և չհաղթահարած ուժերն արդեն հնչեցրել են իրենց գնահատականը: Օրինաչափ է, երբ պարտված քաղաքական ուժերը որոշ ժամանակ «հարվածից» խելքի չեն գալիս ու լռում են: Բայց մինչ օրս լռում է 6% հավաքած ՀՅԴ-ն: Ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն:
Դաշնակցականների լռությունը, երևի, հետևյալ կերպ կարելի է «թարգմանել». անորոշության օդում կախված է իշխանության հետ կոալիցիոն համագործակցությունը: Այո, հավանաբար դաշնակցականները դեռ չգիտեն` կպահպանե՞ն իրենց նախարարական պորտֆելները: Եթե ոչ, ապա թունդ ընդդիմադիրի դիրքերից հանդես գալու ճիշտ պահը չպետք է կորցնել: Դե, կսկսեն խոսել այս օրերի համար մոդայիկ ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, թաղային հեղինակությունների օգտագործման մասին: Իսկ եթե «բարիշեն», ապա գնահատականները կլինեն իշխանության քիմքին հաճելի:
Բայց որքանո՞վ իշխանությունը կցանկանա կայուն մեծամասնություն ձևավորելուց հետո «ավելորդ» «կցորդ» պահել: Չնայած ՀՀԿ առաջնորդը հայտարարեց, որ լայն կոնսոլիդացիայի կողմնակից է, բայց ամեն ինչ կարող է ժամանակի ընթացքում փոխվել:
Բացի այդ, եթե անգամ ԱԺ անցած բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, քանակապես հակակշիռ չեն կարող լինել ՀՀԿ-ին, բայց որակական առումով միավորվելով կարող են իշխանությանը զգոն պահել: Պահպանելով կապը ժողովրդի հետ, բարձրացնելով նրա ձայնը հաղթած մեծամասնության առաջ, ընդդիմադիրները մեծամասնությանը կստիպեն անտարբեր չմնալ, ականջալուր լինել ծողովրդի ձայնին:
Արտախորհրդարանական ուժերը ևս պետք է ակտիվ լինեն, ինչու չէ՝ համագործակցեն ԱԺ-ի ընդդիմադիր ուժերի հետ՝ հակակշիռ լինելով իշխանությանը: Դա կկոչվի առողջ ընդդիմություն, որի գործունեությամբ կշահեն պետությունն ու ժողովուրդը: