Իշխանությունը՝ մահակ և քաղցրաբլիթ

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՊՈՒՏԻՆԻՑ

Ցարը վերընտրվեց՝ այդպես էին արտահայտվում ֆեյսբուքյան շատ օգտատերեր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  մասին:
 
Այո, երկու օր առաջ Պուտինը, ձայների մեծամասնությամբ, հերթական ընտրահաղթանակը տարավ: Իհարկե, նրա վերընտրվելն անսպասելի չէր, բայց հետագա սպասումները այդքան էլ լավատեսական չեն:
 
Ընտրության օրը նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ժիրինովսկին, բավական ուշագրավ հայտարարություն էր արել: Ընտրում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի տիրակալին: Հայաստանի քաղաքագիտական շրջանակները հորդորում են լուրջ վերաբերվել այս հայտարարությանը, թեև այն հնչել է սկանդալային Ժիրինովսկու շուրթերից:  
 
Ի՞նչ սպասել Պուտինի վերընտրվելուց:
 
Գուցե լինեն ռազմական նոր սրացումներ մեր տարածաշրջանում, քանի որ 2016-ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանն իր նպատակին չհասավ: Իսկ Բաքուն առանց Ռուսաստանի,  աջակցության, կամ՝ առնվազն առանց նրա համաձայնության, հազիվ թե պատերազմ սկսեր Արցախի դեմ: ՈՒ հիմա էլ, հաշվի առնելով այն փաստը, որ ամիսներ առաջ զենքի նոր խմբաքանակ է գնել Բաքուն, ապա պատերազմի հավանականությունը չպետք է բացառել: Այլևս բացահայտ է, որ Ռուսաստանն Արցախով և՛ սիրաշահում, և սպառնում է Ադրբեջանին՝ նրան ևս իր ազդեցության ոլորտում պահելու համար:
 
Բացի այս, հիմքերը կան մտածելու, որ հետայսու  Ռուսաստանում ավելի կամրապնդվի մինչ այս էլ ամուր արմատներ գցած ավտորիտար ռեժիմը՝ հիմնավորապես  խեղդելով քիչ թե շատ ընդդիմադիր շրջանակներին: 
Եվ, վերջապես, տեղաշարժ կարձանագրվի Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում: Թերևս ավելի սրվի լարվածությունը՝ հաշվի առնելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցները,  ռուս հատուկ գործակալի թունավորումը Մեծ Բրիտանիայում: Բայց նաև Պուտինը Արևմուտքի հետ երկխոսելու պատրաստակամություն է ակնարկել: Ժիրինովսկու հայտարարությունը, իհարկե, գուցե քարոզչական հնարք էր՝ Արևմուտքի «աչքը վախեցնելու», սակայն հազիվ թե Արևմուտքը տեղի տա: 
 
Ինչ հետևություններ պետք է անի ՌԴ-ի դաշնակից Հայաստանը: Երկու օր առաջ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան առաջ Պուտինին ընտրել աճապարող ՌԴ քաղաքացի հայերի գոյացրած մեծ հերթը ոմանք ստորացուցիչ համարեցին, մինչդեռ նրանցից ոմանք բացեիբաց հայկական լրատվամիջոցներին ասում էին՝ լավ կլիներ, որ մի Պուտին էլ Հայաստանում լիներ՝ կարգուկանոն հաստատելու: 
 
Մեր քաղաքացիներին արժե հիշեցնել, որ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով,: Այնպես որ եթե որևէ խնդիր կա՝ պատճառը մեր մեջ  պետք է փնտրել, ոչ թե ապավինել օտարին: Սակայն նաև այլ պատճառներ կան՝ Պուտինի մասին այդպես արտահայտվելու: Օրինակ, Հայաստանի ոչ քիչ քաղաքացներ ՌԴ կենսաթոշակ են ստանում, ընդ որում՝ բավական բարձր: Գուցե դա կորցնելու վախը կամ ավելին ստանալու ակնկալիքն էր արթնացրել նրանց քաղաքացիական գիտակցությունը: Չենք բացառում, առավելևս՝ ՌԴ վերընտրված նախագահը թոշակների բարձրացման խոստում է հնչեցրել: 
 
Ամեն դեպքում հետևություններ պետք է անել, քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները մի օր էլ այսպիսի հպարտությամբ խոսեն մեր իշխանության մասին և երբևէ չհպարտանան օտարահպատակ լինելու համար: Իսկ իշխանավորները պիտի հիշեն, որ իշխանությունը և՛ մահակ է, և՛ քաղցրաբլիթ: Մահակ՝ ապօրինությունների դեմ, քաղցրաբլիթ՝ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու առումով: