ՕՐՕ դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է

Մինչ դիտորդներն ու քաղաքական հանրության շատ ներկայացուցիչներ անցյալ կիրակնօրյա ընտրությունները հիմնականում արդար ու թափանցիկ են գնահատում, ՕՐՕ-ն այսօր իր դժգոհությունն արտահայտող պահանջ է ներկայացրել ԿԸՀ: Ճիշտ է, պահանջը ներկայացրել է դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը, սակայն, անշուշտ, նա սոսկ իր կարծիքը չէ, որ արտահայտել է:
 
Կասկածելի համարելով ԱԺ ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574 հազար 947, ՕՐՕ-ի ներկայացուցիչը նշում է, թե բազմաթիվ ահազանգեր են եղել «հին, հնամաշ, վերակազմված և ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկությունների» մասին: 
 
- Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեև փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաեւ առցանց տեսահեռարձակում: Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձևավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում:  
 
Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության և մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ն մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրքնաքվեարկության իրականացման կասկածները: