Ինչո՞ւ հատկապես Վազգեն Սարգսյանի անվան փողոցը

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԵՄ

Այսօր մեկնարկած` Երևանի ավագանու նիստի օրակարգային 10 հարցերից երկուսը «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկներն են` Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանակոչել ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով և ի հիշատակ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների` արձան տեղադրել Շահումյան հրապարակում:

Չառարկելով Երևանում Վիլսոնի անվամբ փողոց ունենալու առաջարկին` ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը NEWS.am-ի հետ զրույցում շոու էր անվանել ԵԾ-ի առաջարկը`

- Ես գնահատում եմ Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի համար արած գործը, բայց անընդունելի եմ համարում, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխվի Վիլսոնի անվամբ։ Երևանում ունենք բազմաթիվ  փողոցներ, որոնք անվանակոչված չեն, կարող են առաջարկ բերել, քննարկենք։ Որ փողոցը որ չունի անվանում այդպես կոչենք, բայց ո՞նց կարելի է Վազգեն Սարգսյանի փողոցի անվանումը փոխել։ Սա ուղղակի շոու են սարքում։ Ես ակնկալում եմ, որ և՛ Հանրապետականը, և՛ «Ելք»-ը դեմ  կլինեն այս նախագծին,- ասել է Ն. Նահապետյանը։

Եվ, իսկապես, ինչո՞ւ հատկապես Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հաշվին հարգանքի տուրք մատուցել Միացյալ Նահանգների նախկին նախագահՎուդրո Վիլսոնի հիշատակին: Շատ ավելի նպատակահարմար չէ՞ Հայաստանում ամերիկյան դեսպանատան մերձակայքում անանուն փողոց գտնել: Ավելին, ինչո՞ւ նաև Վիլսոնի կիսանդրին չտեղադրել: Հատկապես, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանում ու ու երախտիքով է հիշում հայանպաստ գործունեություն ծավալած օտարներին:

«Երկիր Ծիրանին» առաջարկում է Վուդրո Վիլսոնի անվամբ կոչել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան փողոցի` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը: Ինչպես նաև նույն փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը:

Սակայն որքանո՞վ է տրամաբանական, որ Վուդրո Վիլսոնի հուշարձանը Երևանի 2750-ամյակը խորհրդանշող շատրվանների գրկում լինի:

Հայ ժողովրդին Վիլսոնը հայտնի է հատկապես 1920 թվականի նոյեմբերի 22-ի` «ԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի` դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» իրավարար վճռով: Փաստաթուղթ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա: Իրավարար վճիռը  պաշտոնական փաստաթուղթ է, Թուրքիայի և Հայաստանի սահմանագծի ամբողջական նկարագիրն է:

Զարուհի Փոստանջյանի այս նախաձեռնությունը այս կերպ քիչ թե շատ ընդունելի է. փողոցի մի մասը կլինի ԱՄՆ նախագահի, մյուս մասը՝ հայ Սպարապետի անունով: Բայց ինչո՞ւ է տիկին Փոստանջյանը հիշել Վազգեն Սարգսյանին:

Առաջին անգամ չէ, որ ավագանիում պիտի քննարկվի փողոցի անվանակոչության հարցը: Հիշեցնենք՝ նախորդ տարի էլ «Ելքն» էր առաջարկում մի քանի փողոցներ անվանափոխել մեր հերոսների անուններով, սակայն հիշում ենք, թե ինչ աղմուկ բարձրացավ Հայաստանում ու Ռուսաստանում: «Ելքի» առաջարկը Ռուսաստանը համարեց հակառուսական վայնասուն, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ, հավանաբար, դաշնակցի ցասումը մեղմելու և դիվանագիտական հեռատեսությամբ` ևս քննադատեցին «Ելքի»-ին:

Բայց արի ու տես, որ Փոստանջյանի այս նախաձեռնությունը մեծ աղմուկ չառաջացրեց, անգամ` երբ հարցը Վազգեն Սարգսյանին է  վերաբերում: Դե, իհարկե, Վուդրո Վիլսոնին  Խորհրդային Ռուսաստանին և, ըստ պատմաբանների` Հայաստանի շահերի դեմ գործած հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի հետ չես համեմատի: Սակայն  Վազգեն Սարգսյանն էլ  քիչ ավանդ և հեղինակություն չունի հայ հասարակության մեջ:

Զարուհի Փոստանջյանի այս քայլը Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջանակները քաղաքական համարեցին, անգամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերը տեսան՝ հիմք ընդունելով  Փոստանջյանի հիմնավորումները: Սակայն ուշագրավ մի հանգամանք: Այդ հիմնավորումները ԵԾ ղեկավարը ներկայացնում է ոչ թե այս նախաձեռնությամբ, այլ  Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին հիմնավորմամբ.

- Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները և հայտարարվեց քաղաքական իշխանության ձևավորման համար այլևս կիրառվելիք հետևյալ բանաձևը՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

Այս խոսքերի հեղինակը, ըստ մամուլի հրապարակումների` Վազգեն Սարգսյաննն է: Ուստի, եթե ԵԾ կուսակցության այս նախաձեռնությունը հակավազգենական է, ապա Զարուհի Փոստանջյանը պետք  է գիտակցի՝ որևէ գործչին գնահատական տալու համար պետք  է ամբողջությամբ նրա գործունեության հետ հաշվի նստել, հրապարակված-չհրապարակված  փաստերին ծանոթ լինել: