Ա՛յս «ճտերը» հաշվելու աշունը ե՞րբ է գալու

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԿԵՂԾ ՊՈՌԹԿՈՒՄԸ

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անկեղծ պոռթկումով ուշագրավ մի նախադասություն է ասել՝ 2017-ի 7,5% տնտեսական աճը շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում,  քանի որ եկամուտները հարուստների ձեռքում են:
 
Իսկապես, չունևոր մեծամասնությունը գուցե նույնպես զգար այդ աճը, եթե եկամուտներն իրենց ձեռքում կուտակած հարուստներն ԱԺ ընտրություններից հետո ձեն-ձենի տված գների աննորմալ թռիչք չկազմակերպեին: Ու ինչքան էլ  արդարացումներ հնչեին, թե շուկան է գինը որոշում,բոլորս էլ լավ հասկանում ենք, որ շուկան մի քանի հոգու ձեռքում է, որոնք էլ ինքնակամ որոշում և անվերջ գնային վերաճ են պարտադրում: 
 
Այնպես չէ, որ փոխվարչապետի հայտարարությունը շարքային քաղաքացիների համար նորություն է: Առավելևս, որ կառավարության անդամը հղում է անում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով նույնպես բարձրաձայնել է խնդրի մասին: Ի դեպ, նույն ոգով երեկ նաև վարչապետ Կարապետյանն է լիբանանահայերին հավաստիացրել՝ «վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր»
 
Սա արդեն հուսադրող է՝ լավատեսների համար, իսկ հոռետես-իրատեսները սովորաբար խոսքերին հաջորդող արդյունքներին են հավատում:
 
Տարիներ շարունակ քաղաքացիները, լրատվամիջոցները բարձրաձայնում են, որ երկրի հարստությունը մի քանի մարդու ձեռքում է, որոնք չհագենալով ունեցածով, ձգտում են ավելիին՝ առարկայորեն ապացուցելով, որ ուտելով՝ ախորժակն անվերջ բացվում է ու բացվում: Հիշեցնենք, որ սրա մասին նաև  Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր բարձրաձայնել, ինչը իշխանության մի քանի ներկայացուցիչները սվիններով ընդունեցին: 
 
Վաչե Գաբրիելյանի հայտարարությունը լսելով՝ հոռետեսները, երևի, նորից անհույս թափահարեցին ձեռքերը, իսկ հավատալ ցանկացողները դարձան անհամբեր՝ ե՞րբ տեսանելի կլինի արդյունքը: Ո՞ր աշնանը կկարողանանք հաշվել այս հավաստիացումների արդյունք-«ճտերը», երբ տնտեսական աճի շնորհիվ միայն հարուստները նորից չեն հարստանա, իսկ չունևորները նորից չեն ստիպվի ձգելու գոտի որոնել: 
 
Յուրաքանչյուր իշխանության նպատակն իր քաղաքացիներին արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Ու երբ եկամուտները հարուստների ձեռքում լինելու փաստը բարձրաստիճան պաշտոնյան է բարձրաձայնում, ուրեմն մոտենո՞ւմ է արժանապատիվ կառավարման ժամանակը: