8 միլիարդի մասին մոռանա՞նք

ՍԵՒ ԿԱՏՎԻ ՈՒՐՎԱԳԻԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ

Հայաստանում չվերացող կոռուպցիայի մասին խոսում են բոլորը՝ դրսից և ներսից: Եթե ներսում շրջանառվող խոսակցություններն ու դժգոհությունը սովորական են, ապա դրսից «հարվածները» կարող են ցավոտ լինել: Ահավասիկ՝ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը նորից խոսել է Հայաստանում կոռուպցիայի մտահոգիչ լինելու մասին:  Դեսպանի խոսքով՝ մի քանի ազդեցիկ մարդիկ շարունակում են իրենց համար արտոնյալ տնտեսական պայմաններ ստեղծել, իսկ անհավասար մրցակցությունը վանում է արտաքին, մասնավորապես ամերիկյան ներդրողներին:
 
- Պետք է կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե չինացի: Ես անկեղծ կլինեմ՝ մինչ օրս, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետևյալն է՝ կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում,- մանավորապես ասել էր նա, որին արձագանքելով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.
 
- Ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և Ավստրալիա, կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները, և եթե կարիք լինի՝ նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել:
 
Արդյո՞ք ամերիկյան դեսպանի այս և նրա նախորդ հայտարարությունները պատահական են: Կարծում ենք՝ ոչ: Վերջին ժամանակներս բավական ծավալուն քննարկվեց կեղծ վիզաներ տրամադրող հայկական խումբի անօրինական գործունեությունը: Դրանից հետո ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց վիզաների տրամադրումը խստացնելու մասին: 
 
Դրանից հետո Հայաստանում ձերբակալվեց մանկապղծության համար մեղադրվող Ամերիկայի մի քաղաքացի: Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարծես «սև կատու» է անցել, սակայն հազիվ թե այս դեպքերը պատճառ դառնային դեսպանի՝ քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարության: Կարծում ենք՝ արմատներն այլ տեղ պետք է փնտրել: 
 
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, հավանաբար, Արևմուտքն ակնկալում էր, որ կհաջողվի Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, սակայն մեր երկիրը կարծես թե չի շտապում իր դարավոր, թեկուզև երբեմն էլ իր թշնամուն աջակցող, գործընկերոջից երես թեքել: Ի վերջո, եթե մեր անվտանգությունը մի թելից է կախված, անտրամաբանական կլինի դրանից էլ  հրաժարվել:
 
Կա ևս մի հանգամանք: ԱՄՆ դեսպանը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ասել էր, որ Հայաստանում կա 8 մլրդ դոլարի ներդրման հավանականություն: Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտը զարգացնելու: Դեսպանի հայտարարությունը ոգևորեց շատերին, սակայն կարծես թե սայլը տեղից չի շարժվում: Ու քանի որ խոստումը շա՜տ գայթակղիչ է, հետևաբար չի կարող մոռացության մատնվել, ԱՄՆ-ը այս հայտարարությամբ գուցե երկմտում է՝ արժե՞ մեր երկրում ներդրում անել, այն էլ այդ ծավալի: 
Սակայն հազիվ թե Վաշինգտոնի ներկայացուցիչ դեսպանը, ամիսներ առաջ 8 մլրդ դոլարի խոստում տալիս՝ չիմանար այդ մասին: 
 
Հուսանք, որ ՀՀ իշխանությունները հետևություններ կանեն ու իրատեսական քայլեր կձեռնարկեն, հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս փորձը՝ ցանկացած փաստաթղթի ստորագրումն առ ոչինչ է, եթե դրան ոչ թե գործնական քայլեր, այլ տարաձայնություններ ու անըմբռնողականություն է հաջորդում: 
 
Ի դեպ, անդրադառնալով Ռ. Միլսի վերջին հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նկատել է.
 
- Այդտեղ խնդիրըը ոչ թե այդ միլիոններն են, որ պետք է մեզ տրամադրվեն, այլ քաղաքական կամքն է, որը մեզ մոտ արդեն դրսևորվում է՝ այդ կոռուպցիան հաղթահարելու համար:
 
Նա նաև հավելել է՝ 
 
- Տեսեք եվրոպական երկրներում ինչեր են կատարվում, ԱՄՆ-ում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան: Իհարկե, ես շատ լավ եմ վերաբերում, որ անհանգստացած են մեզնով, մի քանի անգամ արձագանքել եմ պարոն Միլսին, իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում, որ նա անհանգստացած է մեր երկրով: Բնական է՝ նա անհանգստացած է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինչ-որ արդյունքներ գրանցվեն, բայց դա նաև պետք է օրինակ ծառայի, յուրաքանչյուր երկրում նախ իրենց կոռուպցիան պետք է կրճատեն, հետո նոր գնահատական տան մեր երկրին: