2018-ի ապրիլն ի՞նչ կապ ունի 2017-ի խոստումների հետ

ՆՈՒՅՆ ԳԵՏԸ 2-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՄՏՆԵ՞Ն

Ապրիլը կարծես քաղաքական ուժերի համար բախտորոշ է լինելու: Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը: Նրա անձով պայմանավորված՝ քաղաքական ուժերն իրենց քայլերը կանեն:
 
Այդ մասին արդեն հրապարակավ խոսել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ ասելով, որ նախընտրական իրենց ծրագրի 15 կետերը կյանքի կկոչվեն  ապրիլին: Իսկ թե ինչո՞ւ, պարզաբանել է այսպես.
 
- Դե, այդ ժամանակ ձևավորված նոր վարչապետ կունենանք, նոր նախագահ կունենանք, ու մենք կսկսենք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ Մեր 15 կետերը կսկսենք իրականացնել, որը շոշափելի արդյունք կունենա, և ժողովուրդը շատ արագ կզգա իր մաշկի վրա:
 
Եթե քաղաքական ուժն իր նախընտրական խոստումը, (իսկ 15 կետը Ծառուկյան դաշինքի ընտրախոստումն էր) իրականացվում է հանուն երկրի բարօրության, զարգացման, ապա ինչո՞ւ է քաղաքական ուժը դա պայմանավորում անձով: 
 
Որպես 2-րդ քաղաքական ուժ, որն ամբիոններից խոսում է երկրի տնտեսական ծանր վիճակի մասին, պետք է որ 2017-ի ընտրության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո գործի անցներ: Մինչդեռ ԱԺ ամբիոնից «Ծառուկյան»ցիները միայն քննադատում էին իշխանությանը ու ձեռքի հետ  օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնում: Այս մեկ տարում քաղաքական ուժն իր 15 կետերից ոչ մեկը կյանքի չի կոչել, մինչդեռ ամենապարզ թվաբանությամբ՝ եթե 15 կետերը եթե բաժանենք պատգամավորական 5 տարիների վրա, ապա ամեն տարի այդ խոստումներից գոնե 3-ը պետք է իրականացնեն: Բայց  ոչինչ չի արվել:
 
Ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւ է այս դաշինքն այդքան անհամբեր սպասում ապրիլին: Գուցե՝ այդ 15 կետերի իրականացման դիմաց ինչ-որ բան ստանալո՞ւ. դիցուք, իշխանության հետ կոալիցիա կազմելով՝ պորտֆելներ ձեռքբելու: Բայց այդ դեպքում քաղաքական ուժը թերևս, պետք է նաև բացատրի, թե ինչու իր ընտրողների հետ անկեղծ չի եղել՝ չի ասել, որ այդ խոստումները պայմանավորված են ինչ-որ անձերով: Մինչդեռ ընտրողների մի մասը «Ծառուկյան» դաշինքին իրենց քվեն տվել են նաև նախընտրական խոստումները լսելով ու հավատ ընծայելով: Եվ հիմա հանրային շահն առաջնահերթ համարելու փոխարեն քաղաքական այս ուժն անձերի հե՞տ է կապում կապում իր անելիքը: 
 
Բայց այս սցենարն էլ անխոցելի չէ, քանի որ «Ծառուկյան» դաշինքը մի քանի անգամ է իշխանության կոալիցիոն գործընկերը եղել, հնչեղ խոստումներ է տվել, իսկ հետո բոլոր ձախողումները վերագրել են իշխանությանը: Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ է խոստանալու և իր այս սպասողականությունն ինչպե՞ս է բացատրելու ՀՀԿ-ից հետո 2-րդ քաղաքական ուժը և այդուհետ արդյո՞ք չեն նոսրանա նրա ընտրազանգվածի շարքերը: