ՀՀ Երրորդի չորրորդ կամ Չորրորդի առաջին նախագահը

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԵՌՎԻՑ ՍԻՐԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ Է

Հրապարակելով ՀՀ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ Աժ հաշվիչ հանձնաժողովը քիչ առաջ արձանագրեց, որ 90 կողմ, 10 դեմ ձայներով Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ (կամ, ինչպես գտնում են ոմանք՝ Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահ):
 
Նա իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստի ժամանակ:
 
Նորընտիր նախագահն այսօր ևս խոստացել է՝ 
 
-  Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու համար՝ ծառայելով ՀՀ քաղաքացիներին ու ժողովրդին:
 
Ոմանց կարծիքով և առաջին հայացքից՝ նոր Սահմանադրությամբ երկրիս նախագահը «անգլիական թագուհու» կարգավիճակով է հանդես գալու: Սակայն հազիվ թե հանուն այդ կարգավիճակի Արմեն Սարգսյանն այսքան ծավալուն «քննություն» հանձներ՝ հանդիպելով ամենատարբեր ուժերի հետ: Տարբեր հանդիպումներում իր խոսքերից դատելով էլ՝ նա կարծես չի  ցանկանում պասիվ դերում լինել: Ավելին՝ ցանկություն էլ չունի պատասխանատվություն ստանձնել ՀՀԿ-ի կամ քաղաքական այնպիսի գործընթացների համար, որոնց չի մասնակցել:
 
Երեկ խորհրդարանում իրեն ուղղված հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ Նախագահի պաշտոնի համար մի քանի թեկնածու չեն պայքարում, Արմեն Սարգսյանը հորդորել է հարցն ուղղել Սահմանադրություն գրողներին՝ ՀՀԿ-ին և բոլոր այն ուժերին, որոնք «այո» են ասել Սահմանադրությանը:
 
Ցավոտ հարցերից մեկն էլ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրն է, որը մի քանի անգամ  հնչեցրել են քաղաքական գործիչներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Երեկ էլ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույն հարցը տվեց Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Եթե նախկինում նա խուսափում էր հարցին հստակ  պատասխանել, ապա այս անգամ հետաքրքիր ակնարկներ արեց՝ մարդիկ կան, որոնք խղճի, կրոնական և այլ համոզմունքների  համար են դատապարտված և մարդիկ, որոնք անհամաչափ ուժ են օգտագործել:
 
- Ես չգիտեմ՝ կան, թե՞ ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, ովքեր գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն,- ասել է չորրորդ կամ առաջին Նախագահը: 
 
Բնականաբար, նա առանց մեծամասնության ինքնուրույն չի կարող ներում շնորհել իրենց քաղբանտարկյալ համարողներին: Սակայն չի բացառվում, որ ներկայիս իշխանությունները ևս արդեն դեմ չեն նրանցից ոմանց պատիժը մեղմելուն կամ ազատ արձակելուն և նորաթուխ խշխանավորի ձեռքով լուծեն այդ հարցը: Ի վերջո, բանուկ դարձած՝ դատարան-հիվանդանոց- քրեակատարողական հիմնարկ երթուղին պետք է վերացվի, խնդիրը հանգուցալուծվի: 
 
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա նոր կառավարության ձևավորումից հետո պարզ կլինի՝ ինչ  ռազմավարություն է պետք: Այսինքն՝ ՀՀ նորընտիր նախագահը կարծում է, որ այսուհետ նոր ռազմավարությամբ պետք է առաջնորդվել: 
 
Արմեն Սարգսյանի այս ինքնուրույնությունը հուսադրող է այնքանով, որ նա կարող է Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ մենատիրական նկրտումների դեմն առնել՝ որպես Մեծ Բրիտանիայում քաղաքական դասեր առած անհատ: 
 
Սակայն միայն ժամանակը ցույց  կտա, թե ինչպես կկարողանա իր խոսքերը կամ ծրագրերը կյանքի կոչել և, ինչպես ինքն է հայտարարել՝ ԲՈԼՈՐԻ նախագահը դառնալ: Իհարկե, այս խոսքերն ավելի համոզիչ կլինեին, եթե Արմեն Սարգսյանն իր ընտանիքով 1992-ին հեռացած չլիներ Հայաստանից՝ անձամբ մեր պետականաշինության մասնակիցը դառնալով և Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո՝ 2007-ին նորից դառնար ՀՀ քաղաքացի: 
 
Սակայն «եթե»-ները թողնենք անսրբագրելի անցյալում և մաղթենք ու հավատանք, որ իր ներուժն, իսկապես, նա կծառայեցնի Հայաստանի քաղաքացիներին ու ժողովրդին: Մաղթենք, որ արդարացնի նույն քաղաքացիների ու ժողովրդի հավատը: