«Ելք»-ը չհարգեց «պատվիր մեծերիդ» սկզբունքը. ԱԻՄ ղեկավար

- Քաղաքացին իրեն բարոյական չպահեց, բայց  նա պարտավորություններ ունի իր ընտանիքի, իր հիվանդ մոր հանդեպ,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Ըստ ԱԻՄ-ի ղեկավարի` քաղաքական գործիչները պետք է  ճիշտ պահեին իրենց, հնարավորություն տային ժողովրդին ու հասկացնեին նրան, որ  նա մենակ չի: 
 
- Ընդդիմությունը պետք է  միասնական գնար:  Քաղաքացին տեսավ, որ  միավորված չեն գնում, դրա համար արեց իր քայլը,- ասաց բանախոսը:
 
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՕՐՕ դաշինքի աջակից Ազատ Արշակյանն էլ չթաքցրեց համակրանքը հաղթած երկու քաղուժերի հանդեպ՝ նշելով, թե այս այլանդակության մեջ հաղթել է  երկու ուժ` ՀՅԴ-ն ու «Ելք»-ը:  
 
- Հայ ժողովուրդը ազատության սահմանը գծել է` այդ երկու ուժերին ձայն տալով:  Իսկ զանգվածով ընտրություն կատարելը եղել է  1920, 1996, 1998 թթ. ու դրանից հետո: Մի քանի անգամ  մեզ դաս են տվել, որ իրավունք չունենք լիարժեք ընտրելու: Եվրասիակաան սկյութները (նկատի ունի ԵՏՄ-ի անդամներին) ասում են, որ կան ժողովուրդներ, որոնք կամք ունեն, վճիռ որոշումներ կայացնելու:  Կան ժողովուրդներ, որոնք չունեն վճիռներ կայացնելու իրավունք: Օրինակ՝ Լեհաստանը:  Եթե տասը հոգի Հայաստանում ասի ոչ, մենք կունենանք քվորում,-  իր խոսքը փորձեց մանրամասնել Ազատ Արշակյանը: 
 
Պարույր  Հայրիկյանի խոսքով` «Ելք»-ի խիստ մեկուսական կեցվածքը նպաստեց, որ ունենանք այս իրավիճակը: 
- Ամենամեծ  սկզբունքն ու պատգամը` պատվիր մեծերիդ: «Ելք»-ը դա չարեց, նրանք  կարող էին 25-30%  ունենալ, եթե միավորվեին,- նկատեց ԱԻՄ առաջնորդը, ում հակադարձելով՝ Ա. Արշակյանն ասաց. 
-«Ելք»-ին բան մի ասեք: «Ելքը» հաղթել է, պետք  շնորհավորել:
 
Պարույր Հայրիկյանն էլ, սակայն, նրա հետ համամիտ չէր՝
 
-Հաղթանակ բառը մի արժեզրկեք,-  հակադարձեց Պարույր Հայրիկյանը: