Քաղաքական կրքերի ապարդյուն վերազարթոնք

ՁԵՎԸ ՓՈԽՎՈՒՄ Է, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ

Մոտալուտ գարունը, երևում է՝ քաղաքական նոր կրքեր է բորբոքում: Բնության զարթոնքը խորհրդանշող ամիսը  դրական է անդրադարձել արտախորհրդարանական ուժերի վրա, և նրանք նորովի են փորձում հանդես գալ՝ քաղաքական արտաքին հանդերձանքը թարմացնել: Խոսքը «Ժառանգություն» և ՀՎԿ-ից նորից ՕԵ դարձած կուսակցությունների մասին է:
 
Եթե ՕԵԿ-ՀՎԿ-ը ստիպված էր համագումար հրավիրել, քանի որ ՀՎԿ-ին միացած ուժերն էին դա պահանջել՝ իրենց հեռացումն օրինական դարձնելու համար, ապա «Ժառանգության» վարչության նիստը ղեկավար կազմի փոփոխություն է կատարել՝ Արմեն Մարտիրոսյանին ընտրելով կուսակցության նախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:
 
Այս նշանակում-ընտրությունը ձևակա՞ն բնույթ ունի, թե՞ նաև բովանդակային, ո՞ւմ է պատկանելու վերջնական որոշում կայացնելու իրավունքը՝ դժվար է ասել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում այդ մասին խոսք չկա: Ընդամենը  արցախյան շարժման վերաիմաստավորում, երկրում առկա լուրջ խնդիրների վերարձանագրում և միասնականության կոչ, որը Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրել էր նաև նախորդ տարի:
 
- Ես համոզված եմ և հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը՝ հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը և կենսական ազգային շահերը,- ասել է նա այսօր:
 
Իսկ անցյալ տարի, հիշեցնենք, նա կոչ էր արել քաղաքական ուժերին միանալ և կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը:
Արմեն Մարտիրոսյանի՝ «ժառանգություն» կուսակցության ղեկավար դառնալն էլ, կարծես, պատահական չէ: Ուշադիր ընթերցողները գուցե հիշեն, որ նախորդ տարի լրատվամիջոցները գրեցին, թե Արմեն Մարտիրոսյանը ցանկանում է կուսակցության ղեկավար դառնալ: Ավելին՝ անգամ նրան էին մեղադրում կուսակցության ներսում առաջացած խժդժությունների համար: Ուրեմն՝ հեռացող ձմեռն իրականացրեց Մարտիրոսյանի երազանքը: 
 
ՕԵԿ կուսակցությնա ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ իր համագումարով առանձնապես նորություն չասաց: Մեղադրեց իշխանությանն այս վիճակի համար՝ մոռանալով, որ նույն իշխանության հետ կոալիցիոն գործընկեր էին և ոմանց կողմից «մեծարվում» էին որպես ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունը: 
Հարցին, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանն ասել է՝ Սերժ սարգսյանին: Ու հետաքրքիրն այն է, որ ՕԵԿ ղեկավարը երկրի իրավիճակի համար մեղադրում է իշխանությանն այն ժամանակ, երբ ինքն իշխանավոր չէ, իսկ երբ այդ իշխանության կազմում էր… 
 
Զավեշտալի է նաև Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը իշխանության և հանրության միջև օղակ դառնալու մասին: Մի անձի վրա խարխսված ուժը, որն այս ընտրություններում մերժվեց ոչ միայն հանրության, այլև ըստ տեղեկությունների, անգամ մարզային իր կուսակիցների կողմից՝ մերժվելով նաև իշխանության կողմից և չունենալով լծակ՝ ինչպե՞ս է միջնորդ դառնալու: Ավելի ճիշտ կլինի կարծել, որ հարկադրված հրավիրած համագումարի ամբիոնը նա որոշեց օգտագործել՝ իր գոյությունն իշխանությանը հիշեցնելու: Դե, նոր համակարգ է ձևավորվում, նոր կամ թափուրվող  պաշտոններ կարող են լինել…
 
Չմանրամասնելով արտախորհրդարանական ուժերի անցյալը, որը ոչինչ չի տալու մեր ընթերցողին, ուղղակի ցավով արձանագրենք՝ այս (և՝ ոչ միայն նշյալ երկուսը) քաղաքական ուժերն այս պահին ո՛չ քաղաքական օրակարգ ունեն, ոչ  էլ ասելիք, որ կարողանան իշխանության թիկունքում զգացնել տան հանրության շունչը: Դրա համար նախ իրե՛նք պիտի զգան այդ շունչը: