Նիկոլ, ախր տառապանքը փորձ ունի

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱ՞ՆՍ ՅՈՒՐ

Անցյալ տարի նախընտրական ժամանակահատվածում «Ելք» դաշինքի անդամները հայտարարում էին, թե փողոցային պայքարն իրեն սպառել է, և այդ ճանապարհով հարց լուծել հնարավոր չէ: Ասում էին, որ երկրի խնդիրները պետք է լուծել իրավական ճանապարհով, քաղաքական  ամբիոններում:
 
Ընտրվելուց հետո մեկ տարվա ընթացքում «Ելքը» հենց այդպես էլ արեց՝  «Զիբիլիքսի» գործից մինչև «Ելք» խորհրդարանական խմբակցության անդամ, «Նոր կյանք» համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի՝ դատախազությանն ուղղված բաց նամակը: Հիշեցնենք՝ նամակը հնչեց նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո, որը վերաբերում է Հանրապետության փողերն իրենց տուն տանելու հանդիմանանքին: Սակայն բոլոր գործերով էլ դաշինքը հաջողության չհասավ:
 
Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների ձեռքով կոյուղաջրերով լի տարաների հարուցած մեծ հետաքրքրությունը քաղաքական ուժերին կարծես մտածելու տեղիք է տվել: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այս իշխանության հետ այսպես պետք է վարվել: Դրանից առաջ էլ թանկացումների դեմ երկու երթ կազմակերպեցին, չնայած դրանց ամենաշատը 1000 մարդ էր մասնակցում: 
 
Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ազատության» հրապարակ «գործուղվելու» մասին: Չնայած «Ելք» խմբակցության ղեկավարը չի հստակեցրել գործուղման նպատակը, բայց կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր դաշինքի մարտավարությունը, հավանաբար, փոխվում է: Ընդ որում՝ Փաշինյանն այս ամենը համաձայնեցրել է առայժմ  իր ընտանիքի հետ՝ ինչպես գրել էր ֆեյսբուքյան էջում: Իսկ մյուս գործընկերների՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների կարծիքը դեռ հայտ նի չէ
 
Հասկանալով, որ ԱԺ-ում իրենք փոքրամասնություն են, որի ձայնը, թեև լսելի է, բայց որոշիչ չէ, քաղաքական ուժը որոշել է փորձել  բոլոր տարբերակները: Նիկոլ Փաշինյանի համար Ազատության հրապարակ գործուղվելը նոր գործելակերպ չէ, ավելին՝ նա բավական փորձ ունի այս պայքարում: Ուստի, կարող ենք կես կատակ, կես լուրջ ասել՝ դարձ ի շրջա՞նս յուր:
 
«Ելք»-ի ի կողմից փողոցային պայքարի մասին խոսակցությունները նոր չեն: Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ու քաղաքացիները ընդվզեն դրա դեմ՝ իրենք փողոց դուրս կգան և կառաջնորդեն  հանրությանը:
 
Սակայն թույլ տվեք կասկածել, թե փողոցային պայքարն արդյունք կտա: Վերջին 5 տարիներին Ազատության հրապարակում հանրահավաք անողների պակաս չի եղել, սակայն ինչո՞վ են ավարտվել այդ պայքարները: Կարելի է ասել՝ ոչնչով: Հանրությանը «ընկեր լսարան» դարձնելով՝ բողոքի ակցիաները ղեկավարողները կա՛մ հետագա գործողությունների ծրագիր չեն ունեցել, որի պատճառով  հիասթափություն է առաջացել, կա՛մ բանակցել են իշխանության հետ՝ ինչ-որ պաշտոներ կորզելով, կամ էլ հանրությանն ուղղորդել են առճակատման, հետո էլ արդարացել:
 
Իսկ այս գործընթացներն ու դրանց հետևանքները խոր հետք են թողել հանրության ոչ միայն տրամադրությունների, այլև հոգեբանության վրա: Քաղաքական ուժերի հանդեպ հավատը նվազագույնից էլ ցածր է: Այնքան ցածր է վստահությունը, որ անգամ բոլորին հուզող և ապաքաղաքական խնդրի՝ թանկացումների դեմ պայքարը հանրության լայն զանգվածների փողոց չհանեց: 
 
Այնպես որ՝ խոսքերով, թունդ հռետորաբանությամբ հասարակությանն այլևս չես կերակրի: