ԱՄՆ-ՌԴ. անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

ՓՈԽԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆՑՈՂ ՈՒՂԵՐՁՆԵՐ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։
 
Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ՝ ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը պետք է ընկալել որպես արձագանք՝ ոչ շատ առաջ այս անգամ Վաշինգտոնից հրապարակված  ԱՄՆ Ազգային հետախուզության  «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցին, որում ներկայացվել էին ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները: Զեկույցում  անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:
 
- Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար,- ասվում էր ԱՄՆ հետախուզության զեկույցում: 
 
Ամերիկյան զեկույցում պարզ տեքստով ասվում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգի առկայության պատասխանատուն Մոսկվան է, որը սպառազինում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերոջը։
 
Անկախ դրանից, որ զեկույցը չի նշում, որ ՌԴ-ն սպառազինում է նաև Ադրբեջանին, այստեղ կա միակողմանի մատնանշում՝ պատասխանատվության ուղղությամբ։ Իհարկե, պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը հայկական կողմին ուղղված վերագրումը շրջելու համար չէ, որ մատնացույց է անում Բաքվի առավելապաշտությունը։ Նա պարզապես ԱՄՆ-ի հետ իր պետության պարանաձգության խաղում պատասխան է տալիս՝ ասելով, որ լարվածության և մագլցողականության պատասխանատուն Բաքուն է, որի գլխավոր ղեկավարը զառանցանքներ է դուրս տվել՝ հայկական տարածքների պատկանելության մասին պատկերացումներ հրապարակելով։ 
 
Բայց սա կանգառային կետ է, որովհետեւ բանավեճը շարունակվում է։ Ամերիկյան զեկույցը խոսում է լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, մինչ Մոսկվայի բանբերն ասում է, թե անկեղծորեն հույս ունեն, որ Հայաստանում և Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը.
 
- Ինչպես գիտեք, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրան: 
 
Այս հաստատումը պարզապես հերքումն է ԱՄՆ-ի ազգային հետախուզության զեկույցի այն բաժնի, որը լայնամասշտաբ պատերազմի հավանականության պատասխանատուն նկատում է Մոսկվային։ Այստեղ ասվում է, որ հակամարտությունը կգտնի իր խաղաղ լուծումը, և Մոսկվան մոտիկից հետևում է այդ գործընթացին։ 
 
Կովկասյան տարածշրջանին վերաբերող բանավեճով չի ավարտվում ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակի  և ԱՄՆ հետախուզության տնօրենի բանավեճը։ Զախարովան ԱՄՆ-ին ամբաստանում է սիրիական տարածք ներխուժելու մեղադրանքով։ Ստացվում է, որ ռուսները մեղադրվում են Կովկասում լայնամասշտաբ պատերազմի վտանգ ստեղծելու հանցանքով, իսկ ամերիկացիները՝ սիրիական տարածք ներխուժելու։
 
Մի պահ շրջանցենք սիրիական թղթածրարը և վերադառնանք արցախյան հիմնահարցի հեռանկարներին ու երկու գերտերությունների պաշտոնական ներկայացուցչիների ունեցած անուղղակի բանավեճին։ Փոխամբաստանություններ փոխանցող ուղերձները նախանշում են, որ մի կողմից կա գերազդեցիկ գործոնը պահպանելու քաղաքական տրամադրություն, մյուս կողմից՝ այդ ազդեցությունը նվազեցնելու միտումներ։ 
 
Հայկական կողմի համար կարևորն այն է, որ ԵԱՀԿ-ի տանիքի տակ գործող երկու գերտերությունների ներկայացուցիչները համանախագահի հանգամանքով իրականցնում  են միջնորդական առաքելություն, և գեթ այս հանգրվանին խոսում են շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքերի կահավորման ու խախտումների ուղղությամբ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտության, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման և դիտորդների թվի բազմապատկման անհրաժեշտության մասին. ինչը համահունչ է մեր, և հակառակ՝ Բաքվի պահանջներին։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Խմբագրության կողմից. Լիովին համամիտ լինելով հարգարժան Շ. Գանտահարյանի նկատառումներին, հարկ ենք համարում մեր մեկ դիտարկումը ևս ներկայացնել: 
 
Ռուսական կողմից հնչող՝ Ադրբեջանին չսիրաշահող հայտարարություները հեռահար այլ նպատակ էլ կարող են ունենալ: Գուցե, իսկապես, պաշտոնական Բաքուն հերթական լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծրագիր ունի՝ բնականաբար, ոչ առանց իր զենքի գլխավոր մատակարար ռուսական «դաբրո»-ի: Ու հիմա սիրաշահում են հայկական կողմին՝ հետո չքմեղանալու նկրտումներով: Չէ՞ որ սա նմանօրինակ խաղերի առաջին արարը չէ: