Արմեն Սարգսյանը բացեց խաղաքարտերը
ՉՄՈԼՈՐՎԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՆՋՈՒԿՆԵՐՈՒՄ
Հանդիպումների ոդիսականն ավարտվեց, ու նա համաձայնեց ստանձնել երկրիս նախահգահի պաշտոնը: Հայաստանը կունենա 4-րդ նախագահ՝ չնայած մի քանի ՀՀԿ-ականներ այդ ձևակերպմանը համաձայն չեն:
ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպեց խորհրդարանական ու արտախորհրդարական ուժերի, հասարակական- քաղաքական կառույցների հետ ՝ լսելու նրանց կարծիքն ու առաջարկելու երկրի զարգացման իր տեսլականը:
Հետաքրքրիրն այն է, որ Արմեն Սարգսյանը չի հանդիպել ՀՎԿ վերանվանված և իրեն միացած 7 քաղմիավորներից 5-ին կորցնող ՕԵԿ կուսակցութան հետ. այն դեպքում, երբ անգամ մի քանի ընտրությունների չմասնակցած քաղաքական ուժեր արժանացան նրա այցին: Սրանով Սարգսյանը հստակ ցույց տվեց՝ ով է Հայաստանում գործոն, որ քաղաքական ուժի խոսքը կշիռ ունի կամ կունենա:
ՀՀԿ նախագահի թեկնածուի քարոզարշավը գրագետ էր: Արմեն Սարգսյանն անգամ կարողացավ խուսափել ներքաղաքական կոնֆլիկտների մեջ ներքաշվելուց: Ոչ լսել է, ոչ տեսել՝ այսպիսին էր նրա պատասխանը քաղաքապետարանի ավագանի նիստում ծեծկռտուքի մասին հարցին: Այս պատասխանը որքան նրա զգուշավորության, արևմտյան դիվանագիտության, նույնքան նրա ապագա գործելաոճի մասին էր պատկերացում տալիս: Ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը, որոնք դեմ են այս իշխանությանը, դրական են տրամադրված Արմեն Սարգսյանի հանդեպ: Դիցուք՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը չի լինելու մարիոնետի կարգավիճակում:
Ավագանիական ծեծկռտուքի մասին հարցի «պատասխանով» Արմեն Սարգսյանն ինչ-որ չափով ուրվագծեց իր դերը՝ նրա հիմնական անելիքը արտաքին ճակատում է լինելու: Երեկ էլ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կարծես թե ամբողջացրեց Արմեն Սարգսյանի դերը:
Երկու ոլորտ է մատնանշել ՀՀԿ նախագահի թեկնածուն՝ կրթություն և քաղաքացիական հասարակություն: Այն, որ կրթության ոլորտի զարգացումը պետության հիմքն է, անվիճելի է: Քաղաքացիական, իրավագիտակից հասարակությունը ևս կարևոր նախադրյալ է երկրի առաջընթացի համար:
Լինելով Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում (և ոչ միայն այնտեղ)՝ նա լավագույնս պատկերացնում է, թե պետության կայացմանն ու զարգացմանը ինչպես են նպաստում իրավունքների պաշտպանվածությունը, իրավական հասարակությունը, պաշտպանված քաղաքացին: Բայց Արմեն Սարգսյանը երևի նաև հասցրել է իմանալ, թե Հայաստանի քաղաքական ուժերը որքան են արժեզրկել քաղհասարակությունը՝ քաղաքացիներին օգտագործելով միայն իրենց նպատակների համար: Ավելին, բացի քաղաքական ուժերից, Արևմուտքն էլ իր «ներդրումն» է ունեցել արժեզրկելու համար՝ իր որոշ վստահյալների ֆինանսավորելով այնպիսի խնդիրների բարձրաձայնման համար, որոնք մեր երկրում կամ չկան, կամ էլ 100-երորդական հարց են: Էլ չենք խոսում, որ նույն քաղհասարակության օգտագործում են երկրում գունավոր հեղափոխություններ, խժդժություններ հրահրելու նպատակով:
Կկարողանա՞ ՀՀ չորրորդ նախագահը ճիշտ օգտագործել քաղհասարակության ներուժը, չմոլորվել ու չենթարկվել մեզ երբեմն խորթ բարքեր թելադրող արևմտյան ճնշումներին ու նաև չմոլորվել մեր քաղաքական թնջուկներում: