Քաղաքական ամուսնալուծություն
«ՄՈՌԱՑՎՈՂ ԴԵՄՔԵՐ» ՇԱՐՔԻՑ
Օրեր անց՝ փետրվարի 21-ին 2016-ին հիմնադրված հայաստանյան «Հայկական վերածնունդ»-ն կուսակցությունն իր 8 միավորյալների հետ, երևի ծննդյան օր կնշեր, բայց արդեն՝ հազիվ թե: Համենայն դեպս՝ 8-ից 5-ը լքել են այդ կուսակցությունը:
«Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունները երեկ՝ փետրվարի 5-ին, որոշում են կայացրել առանձնանալ՝ վերակազմակերպման միջոցով:
Եթե անկեղծ՝ նշյալ կուսակցությունների անունները քչերին են հայտնի:Ասել է թե՝ քաղաքական դաշտում դրանք դերակատարում չունեն:
Թերևս հենց այս իրատեսական մղումով էլ դրանք միավորվել էին «Հայկական վերածնունդ» հայաստանյան կուսակցության կազմում՝ միացյալ ուժերով նոր քաղմիավոր ստեղծելով: Բայց արի ու տես՝ համատեղ երկու տարին անպտուղ ժամանակահատված է դարձել նրանց համար: Ու իրենց համախմբած ու նաև իրենցով ձևավորված կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված դիմումում նրանք գրել են՝
- 2018թ. փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում գործող 8 կուսակցություններ վերակազմավորման և միաձուլման միջոցով հիմնադրեցին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Այն, իր կանոնադրության 1-ին հոդվածով նախատեսված, դառնալով այդ կուսակցությունների իրավահաջորդը, կյանքի չկոչեց նախապես ստանձնած պարտավորությունները, չկենսագործեց նրանց առաջադիմական գաղափարները, կանոնադրական դրույթները և ծրագիրը: Ուստի համագործակցությունը նման կուսակցական կառույցի հետ համարում ենք անթույլատրելի:
Ղեկավարվելով իրենց իսկ վավերացրած՝ ՀՎԿ կանոնադրության համապատասխան հոդվածով, հիմնադիր 5 կառույցները պահանջել են մեկամսյա ժամկետում արտահերթ համագումար հրավիրել և որոշում կայացնել իրենց առանձնանալու վերաբերյալ:
Հասկանալի է, իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար էիր այս ուժերը միավորվել՝ հավանաբար հուսալով ու հավատալով, որ ՕԵԿ-ի առաջնորդը կընձեռի այդ հնարավորությունը: Բայց...
Դեռ կարծիքներ ու փաստեր կհնչե՛ն այս ամուսնալուծության վերաբերյալ: Սակայն առանց դրանց էլ ակնհայտ փաստ է՝ քաղաքական դաշտում առանձնակի դերակատարում չունեցած քաղաքական ուժերին վերամիավորելուց ու դրանց հետ ձուլվելուց հետո «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մոռացության քողով է հանդերձավորվել: Այդ լռությունն ինքնախոստովա՞նք է, որ իրենք այլևս ասելիք ու անելիք չունեն: Կարծես թե՝ այո: