Ընդդեմ հողատեր օլիգարխների՞, թե՞ նոր ունեզրկումներ

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ՝ ԱՎԵԼԻ ՈՒՇ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսից վերադառնալուց հետո այսօր հանդիպել է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի հետ, հանձնարական տվել:
 
Ընթերցելով պաշտոնական հաղորդագրությունը՝ արտաքուստ թվում է, թե արտառոց ոչինչ չկա: Վերհիշելով ամիսներ առաջ «Ավանգարդի» հրապարակումը հողերի մասին՝ վարչապետի հանձնարարությունը կարևոր է, միաժամանակ, սակայն, կարող է խնդրահարույց լինել:
 
Հողն, իրական տիրոջը՝ դրա մշակին պետք ՝ տալ, այլ ոչ թե անզոր մշակին «հանձնել» հողին:
 
 
Վարչապետը Կադաստրի պետական կոմիտեին հանձնարարել է հաշվառել գյուղատնտեսական հողերը, քննարկել  չաշխատող գույքն ակտիվացնելու հարցը: Ինչպես նաև՝ ակտիվացնել այն սեփականատերերին, որոնք իրենց հողը չեն օգտագործում: 
 
Բանն այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ թեև արտագաղթել են Հայաստանից, սակայն կամ  փաստաթղթով կամ 10 տարուց ավելի հողօգտագործման իրավունքով անշարժ գույք են թողել՝ հույսով, որ մի օր կվերադառնան: Կառավարությունը  որոշել է աչքաթող չանել այսպիսի հողերը: Կամ քաղաքացին դա պիտի օգտագործի, կամ սեփականատերը կփոխվի: Գործադիր մարմնի հանձնարարականն արդարացի է: Նախ՝ չմշակվող հողն ամլանում է. բացի այդ՝ բազմաթիվ հողազուրկներ կան, ովքեր սիրով կմշակեն լքված դարձած հողակտորները՝ իրենց ընտանիքների ապահովությունը հոգալով: 
 
Այսուհանդերձ՝ արդյո՞ք այս քայլով վերջնականապես չենք կտրի հեռացածներին հայրենիքի հետ կապող ևս մի թել, վերջնականապես չենք փակի նրանց տունդարձի ճամփան: Չէ՞ որ, ի վերջո,  քաղաքացիների մեծ մասը լավ օրից չի հեռացել: Կամ, լինում են դեպքեր, երբ քաղաքացին արտագնա աշխատանքի է մեկնում ժամանակավոր, ինչպե՞ս է  վարվելու կառավարությունն այս դեպքում:
 
Անխոս, գույքագրումը պետք է, քանի որ Հայաստանի անկախացումից  ի վեր մեր երկրում ընդհանուր առմամբ  գույքագրում չի եղել: Ասել է թե՝ մենք չգիտենք՝ ինչ ունենք, ինչքան ունենք, ու ինչ վիճակում են դրանք: Իսկ հաշվառումն անհրաժեշտ է, քանի որ անկախացման տարիների հախուռն սեփականաշնորհումը, ազատականացումը  շատ բան փոխեց: Մութ ու ցուրտ տարիներին, սովին դիմանալու համար պետությունը աչք փակեց հողերի սեփականաշնորհման անկանոն գործընթացի վրա. ով ինչպես ու ինչքան կարողացավ՝ սեփականաշնորհեց, սակայն ոչ բոլորը հատկապես գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ նպատակի օգտագործեցին: Ավելին՝ մի քանի չինովնիկներ, իշխանության հովանավորությամբ, մանրադրամի արժեքով յուրացրին այլոց հողատարածքները, ունեզրկեցին բազմաթիվ գյուղացիների:  
 
Հայաստանում հիմա քիչ չեն անտերունչ դարձած հողերը, որոնք չեն օգտագործվում. ուղղակի անշարժ գույք են՝ նույնիսկ սեփականատիրոջը ոչ պիտանի: Հիմա հարց՝ ինչպե՞ս է վարչապետը կարողանալու հողատեր օլիգարխներին ստիպել կամ խլել նրանց հողերը, եթե դրանք չեն օգտագործվում: Վարչապետի մեկ տարվա գործունեությունը կարծես հակառակն է ապացուցում՝ գործադիր մարմնի ղեկավարը կամ չի ցանկանում էլ, կամ էլ, ըստ լուրերի՝ չեն թողնում «տրորել  արտոնյալների կոշտուկները»: 
 
Վարչապետի հանձնարարականի հետ կապված մյուս հարցն այն է, որ Երևանում ու մարզերում կան հողեր, որոնք 10 տարուց ավելի օգտագործվում են, սակայն հողօգտագործողը չի կարողանում սեփականաշնորհել՝ ֆինանսներ չունենալու պատճառով: Այդպիսիները երբեմն համայնքի ղեկավարի գրպանը մի կլորիկ «մաղարիչ» դնելով, նրա աջակցությամբ, առանց որևէ փաստաթղթի, իր օգտագործման իրավունքը վաճառում է ուրիշին: Իհարկե, կամք դրսևորելու դեպքում կառավարությունը կարող է տեղեկանալ, թե քանի այդպիսի դեպք կա,  քանի այդպիսի հող, բայց ինչպե՞ս է վարվելու դրանց հետ: Ի վերջո, հողերի մասին օրենքի համապատասխան դրույթը հստակ է՝ 10 տարուց և ավելի հողօգտագործողին պետք է փոխհատուցում տրվի՝ եթե հայտնվում է նոր սեփականատեր: 
 
Չենք էլ ուզում հռետորական հարց հնչեցնել՝ ինչո՞ւ այս գործընթացն ավելի վաղ չէր արվում: Ասում են՝ լավ է ուշ, քան ավելի ուշ:
 
«Ավանգարդի» թղթակիցն այս թեմայի մասին մի առիթով ոչ հրապարակային զրուցել էր կադաստրի ուղնուծուծն իմացող պաշտոնյաներից մեկի հետ: Վերջինս ասում էր՝ համայնքի ղեկավարները կադաստրի համակարգ չեն ներառում իրենց համայնքների հողերը, քանի որ այդկերպ «ձախ» եկամուտներ աշխատելն ու բնակիչներին հնազանդեցնելը դյուրին է: Արդ, կա՞ երաշխիք, որ համայնքի ղեկավարներն այս հանձնարականից հետո զերծ կմնան կամայականություններից, նոր ունեզրկումներ չեն  լինի և օրենքը դարձյալ չի վերաբերի միայն շարքային, թիկունք ու տանիք չունեցող քաղաքացիներին: