Մայդանից չեն հրաժարվում. թանկացումները շղա՞րշ են

ԶԱՎԵՇՏԱԼԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ

Մայդանաստեղծ կազմակերպությունները կարծես թե չեն հրաժարվում Հայաստանում «գունավոր» հեղափոխություններ անելու մտքից: Առաջին ծիծեռնակն Իրանում էր՝ ամանորյա տոներին, չնայած հայ իրանագետներն ասում էին, թե ընդամենը 1-2 ապրանք է թանկացել: Իրանի  պաշտոնյաներն էլ հայտարարեցին, որ արտաքին ուժեր, են խառնակություն առաջացնել Իրանում, իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը բացեց փակագծերը՝ խառնակչության հեղինակներն ԱՄՆ-ն ու Իսրայելն են:
 
Պատահականությո՞ւն էր, թե՞ դիտավորություն, բայց շաբաթներ հետո թանկացումների դեմ երթի հրավիրեց ընդդիմադիր «Ելք» դաշինքը:1500-2000 մարդու մասնակցությունը քաղաքական ուժը վատ թիվ չհամարեց, և փետրվարի 5-ին տեղի կունենա հերթական  բողոքի ակցիան: Ողջունելի է, երբ քաղաքական ուժերը  սոցիալական բնույթի խնդիրներ են բարձրաձայնում ու փորձում հանրային աջակցությամբ դրանց լուծում պահանջում: Բայց արդյո՞ք թանկացումները միայն կառավարության անարդյունավետ կառավարման պատճառով է: Արի ու տես, որ ոչ: 
 
Թանկացումների պատճառները ավելի խորն են: 
 
2017-ին, երբ քննարկվում էր հարկային օրենսգրքի նախագիծը, ընդդիմադիրները կանխատեսում էին՝ թանկացումներ կլինեն Հայաստանում: Օրինագծին անգամ դեմ էին ՀՀԿ-ականները, որոնց մի մասի չմասնակցության պատճառով այն առաջին ընթերցմամբ չընդունվեց: Իսկ հետո, համապատասխան «մշակումից» հետո, Հարկային օրենսգիրքն ընդունվեց:
 
Զարմանալի է,սակայն Հայաստանի դոնոր կազմակերպություններից Արժույթի միջազգային հիմնադրամը Հարկային օրենսգրքի նածագիծը դրական համարեց: Ըստ հիմնադրամի ներկայացուցչի՝ այն կնպաստի հարկային համակարգի թափանցիկությանը: Այսպիսի հայտարարությունը պատահական չէր:
 
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները հաշվարկել էին, որ Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 6մլրդ-ի՝ վտանգավոր շեմի, (չնայած կառավարության անդամները փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ՝ հորդորելով, թե վտանգավոր ոչինչ չկա): Ֆինանսական կազմակերպությունները շատ լավ գիտեին, որ արտաքին պարտքը մարելու համար Հայաստանը պետք է ավելի շատ եկամուտներ հավաքագրի, իսկ դա միայն գնաճի, տնտեսավարողներից ավելի շատ «քերելու» միջոցով է հնարավոր: Ու քանի որ դա առաջացնելու է հանրային բողոք, պետք է մի ուժ, որն այն ուղղորդի և տանի իրենց ձեռնտու սցենարով: Ու, հավանաբար, խաղադրույքն արվեց «Ելքի» վրա՝ որպես նորաստեղծ, չվարկաբեկված ուժի: Արևմուտքի այս խաղադրույքը խանդ առաջացրեց մյուս արևմտամետների մոտ: 
 
- Ուրիշի հարսանիքին ծափ տվող չենք,- հայտարարեց «ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը: 
 
Պատահական չէ, որ մինչ օրս արևմտյան պաշտոնյաները լռում են, ոչ մի խոսք, կարծիք չեն հայտնում թանկացումների, կառավարության քաղաքականության մասին: Անգամ ԵՄ դեսպան Սվիտալսկին է լռում: 
 
ՀԳ. Դավադրության սիրահար չենք, «Ելքի» վրա ցեխ շպրտելու միտում չունենք. ավելին, համամիտ ենք ելքցիների շատ հարցադրումների: Ասվածը պարզապես փաստերի համադրում էր: Մի դրական հանգամանք կառանձնացնենք՝ սոցիալական հարցերի դեմ բողոքելու, իրավագիտակցություն բարձրացնելու ու իշխանության համար զսպիչ դեր կատարելու համար այսպիսի ակցիաներ պետք են: Առավելևս, որ այսօր գնաճի մասին խորհրդարանական լսումներին զավեշտալի, անհիմն պատասխանների պակաս չի եղել: 
 
Հուսանք՝ հայրենի քաղաքական ուժը չի կորցնի սթափությունը և թույլ չի տա, որ իրեն օգտագործեն դրսից ու երկրում անկառավարելի վիճակ ստեղծեն: