Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Կարո Փայլանին

ՍԱԻԴԱ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԱՍԻՆ

«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը ծանուցել է, որ իրենց կազմակերպությունն այս տարի դիմել է Նոբելյան կոմիտե՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով:
 
 
- …մարդու, ով ողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում: 
Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին:  
 
Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:
 
Եվ այդ ամենը՝ հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը,- նշված է նամակում:
 
Նա դիմում է բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին՝ միանալ իրենց նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին:
 
Հիշեցնելով, որ հայտը ներկայացնելու ժամկետի եզրափակիչ օրը 2018 թ. հունվարի 30-ն է, Սաիդա Օհանյանը նաև խնդրում է ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին: 
 
- Վստահ ենք, Ձեր մասնակցությունը և Նոբելյան կոմիտեի դրական որոշումը միասին էական ներդրում կդառնան աշխարհի ամենատաք կետում՝ Մերձավոր Արեւելքում, կայուն խաղաղության եւ ազգերի միջեւ իրական համաձայնության ու համագործակցության հաստատման գործում: 
 
Հավելենք, որ «Համշենուհի» կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրան Արևմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է: