88-ի շարժում-30. ո՞վ պատվիրեց Համբարձում Գալստյանի սպանությունը

Ի ՊԱՀ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

1in.am-ում հրապարակված այս և սրան նախորդած՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության 1-ին իշխանության ու իշխանավորների մասին հրապարակումները սոսկ քաջատեղյակ ականատեսի հուշեր չեն, որոնց շատ մանրամասներ մինչ այս անհայտ էին նույնիսկ այդ ժամանակներն ապրած հայաստանաբնակներին: Պատմության գզրոցներին պահ տրվելիք իրականության արձանագրություններ են դրանք, որ կօգնեն ճշմարտությունը որոնողներին՝ խանգարելով ցանկալին որպես իրականություն ներկայացնողներին:
 
Գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Համբարձում Գալստյանը համազգային շարժման առանցքային դեմքերից մեկն էր: Նա «Ղարաբաղ» կոմիտեի այն անդամներից մեկն էր, ով համեմատաբար քիչ էր խոսում հանրահավաքի հարթակից, սակայն կոմիտեում ահռելի աշխատանք էր տանում` հատկապես արտաքին հարաբերությունների ուղղությամբ:
 
Համբարձում Գալստյանի այս շրջանի կենսագրությունը հար և նման էր «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների կենսագրությանը. նա նույնպես 1988-ի դեկտեմբերից մինչև 1989-ի մայիսն անցկացրեց Մոսկվայի Բուտիրյան բանտում, որտեղ գրել է իր առաջին ժողովածուն՝ «Չուղարկված նամակները»:
ՀՀՇ-ի հաղթանակից հետո՝ 1990-ի դեկտեմբերին, Համբարձում Գալստյանը ղեկավարեց Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն: Քաղխորհրդի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարումը հակասական էր` հեղափոխության շունչը զուգակցվում էր կոռուպցիոն դրսևորումների հետ:
 
Շուտով Գալստյանի դեմ քաղաքային խորհրդում լուրջ ընդդիմություն ձևավորվեց, նաև՝ ՀՀՇ անդամների շրջանակից: 1992-ի սկզբին Համբարձում Գալստյանը հրաժարական տվեց, ասում են` նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով: Այնպիսի տպավորություն էր, որ Գալստյանը հեռացել է նեղացած, որովհետև նա այլևս չէր ասոցացվում ՀՀՇ-ի և իշխանության հետ և զբաղված էր բիզնեսով` հիմնադրելով «Տիեզերք» ՍՊԸ-ն:
 
1994թ-ի դեկտեմբերի 17-ին դավադիր կրակոցները խլեցին Համբարձում Գալստյանի կյանքը: Նա «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից առաջինն էր, որ հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Ոմանք պնդում էին, որ Համբարձում Գալստյանի սպանության պատճառը եղել է նրա բիզնես գործունեությունը, որը խանգարել է իշխանության վերնախավին: Իշխանությունները սպանության հետքերը տանում էին ՀՅԴ-ի ուղղությամբ:
 
Համբարձում Գալստյանի սպանությունը խորհրդանշական այն իրադարձությունն էր, որը ազդարարեց «Ղարաբաղ» կոմիտեի բարոյական անկումը: Համբարձում Գալստյանը սպանվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի կողմնակիցների փոխադարձ անհանդուրժողականության ֆոնին: Համբարձումի մահն ավելի խորացրեց անջրպետը նախկին զինակիցների միջև:
Հայաստանում սկսվել էր անշրջելի նահանջը 88-ի արժեքներից:
 
 
Սարգիս ԱՐԾՐՈւՆԻ Քաղաքագետի հայացք