Ռուսաստանը շարունակում է ամրապնդվել Գյումրիում

ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՎ ՉԷ, ՈՐ ՁևԱՎՈՐՎՈՒՄ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը Եվրամիություն մտնելու քայլեր ձեռնարկելով՝ կվատթարացնի հարաբերությունները մեր երկրին բարեկամ համարվող Ռուսատանի հետ: Դա շատերին ուրախացնում էր, ոմանք էլ արդեն հավատում էին,որ Հայաստանը կդադարի ռուսամետ լինել, իսկ Ռուսաստանն ավելի լրջորեն կվերաբերվի ՀՀ-ին՝ դադարեցնելնով բացահայտ ու գաղտնի սիրախաղերն Ադրբեջանի հետ:
 
Վլադիմիր Պուտինի երկրում էլ, ո՛չ երկրորդ-երրորդական հեռուստաեթերներով սկսել էին անհաճո խոսքերվ «վրաերթի» ենթարկել Հայաստանը՝ ուրանալով իրենց իսկ տարփողած  դարավոր բարեկամությունը: Նույնիսկ Ղարաբաղը Ադրբեջանինը համարեցին՝ դարձյալ մոռանալով, որ ամենահայկական Արցախն ընդամենը մեկ դար առաջ հենց իրենց կոմունիստ նախնիներն էին նվիրել ինչ-որ ցեղախմբի՝ նրան պետություն հռչակելով: 
 
Չնայած այդ ամենին, արդեն այսօր՝ դեկտեմբերի 20 ին Գյումրիում տեղի ունեցավ  Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և երկու երկրների մի շարք գերատեսչությունների ու նախարարությունների ներկայացուցիչներ:
 
Այս կառույցը «Ռոսսոտրուդնիչեստվո» անվանյալ այս կառույցի և նրա արտասահմանյան հաստատությունների նպատակն է նպաստել արտերկրներում ժամանակակից Ռուսաստանի հումանիտար համագործակցության պետական քաղաքականության իրականացմանը, արտասահմանում ժամանակակից Ռուսաստանի մասին օբյեկտիվ պատկերացման տարածմանը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանին, ակնուամենայնիվ, մտահոգում է իր միջազգային հեղինակությունը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում իրենց հանդեպ խտացող անբարենպաստ վերաբերմունքի նկատմամբ: Եթե այդքան նրբանկատ են, ուրեմն պետք է նաև գիտենան, որ գիտամշակութային կենտրոններով չէ, որ ձևավորվում ու ամրապնդվում է իրական բարեկամությունը:
 
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեր երկրում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինը,  երախտագիտություն հայտնելով ՀՀ ղեկավարությանը՝ երկար սպասված այս մասնաճյուղի բացմանը օգնելու և նպաստելու համար, նշեց, որ Ռուսատանն ու Հայաստանը շահագրգռված են համագործակցությունների խորացման հարցում: Իր այս խոսքով դեսպանը մեկեն ի դերև արեց այն մարդկանց հույսերը, ովքեր մինչ օրս հավատում էին, թե Հայաստանն այլևս պարտադրված չէ այստեղ ռուսական հետաքրքրություններ պաշտպանել:
 
Նույն Գյումրիում պատուհաս դարձած ռուսական ռազմաբազան հերիք չէր, հիմա էլ, շատերի համոզմամբ՝ «հարազատ թշնամի» դարձած Ռուսաստանն իր գիտական և մշակութային օղակն է զարգացնում այնտեղ: Սակայն Վոլինկինը հավաստիացնում է,որ այս կենտրոնը տուն կդառնա բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանով: Հայ ժողովրդին մնում է համակերպվել  այն մտքի հետ, որ Վրաստանի նման չի կարող ձերբազատվել ռուսական ներկայությունից: Մեր ոխերիմ թշնամուն զինող պետությունն ավելի ու ավելի է ամրապնդվում Գյումրիում և ապացուցում,որ «ռուսի ոտքը» երբեք էլ չի կտրվի Հայաստանից: