«Ելքի» ելքը «Ծառուկյանն» է

«ԱՍՈՂԸ ՀՀԿ-Ն Է»

Վարչապետի նշանակման հարցը հորով-մորով չարած՝  հիմա  էլ նախագահի թեկնածուների առաջ քաշման  հարցն է ընդդիմության օրակարգում: Ավելի ճիշտ՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքի օրակարգում, քանի որ  նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մեկ օր առաջ այս քաղաքական ուժը հայտարարեց՝ իրենց նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Վերջինիս արժանավորությունն էլ հիմնավորում են նրա անցած ճանապարհով՝ ունի պետական համակարգի կառավարման փորձ, մի քանի լեզուներ գիտի, մասնակցել է Արցախյան ազատամարտին: Չար լեզուներն ասում են, թե մի քանի տարի էլ նախագահականում է աշխատել, չնայած նրա կենսագրության մեջ այդպիսի դրվագ չգտանք:
 
Ինչևէ, Զեյնալյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո «Ելքը» սկսեց ելքեր փնտրել: Միանգամից դիմեց «Ծառուկյան» դաշինքին՝ առաջարկելով սատարել իրենց թեկնածուին: 
 
Առաջին անգամ չէ, որ «Ելքը» «Ծառուկյանի» հետ համագործակցելու ելքեր է փնտրում, նրան փորձում քաշել ընդդիմության դաշտ: Անգամ հակածառուկյանական Արամ Սարգսյանն է մեղմացրել «Ծառուկյան» դաշինքի հասցեին հնչող գնահատականները: Ու ահա հենց այդ թեմայով այսօր ԱԺ-ում փակ հանդիպում տեղի ունեցավ երկու դաշինքների միջև: Կատակով հանդիպման փակագծերը բացեց «Ելքի» անդամ Էդմոն Մարուքյանը, իսկ «Ծառուկյանի» թունդ ընդդիմադիր Գևորգ Պետրոսյանը հերքեց Մարուքյանի կատակը: Հանդիպումը, սակայն, կարծես այնքան էլ չի արդարացրել «Ելքի» սպասելիքները: 
 
- Ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, թե այդ ակնկալիքները որքանո՞վ են իրականանալի մեր մասով:  Ցանկացած հարցում, այդ թվում և՝ այս հարցում, բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են՝ մենք ունե՞նք թեկնածու, և ի՞նչ է՝ մենք պարտադրվա՞ծ ենք սատարել նրա թեկնածությունը,- լրագրողներին ասել է Գևորգ Պետրոսյանը:
 
Պատգամավորն ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը հիմա նախագահի թեկնածու չունի, հարցն էլ դեռ չեն քննարկել: Գևորգ Պետրոսյանը չի բացառել, որ կարող են սատարել ՀՀԿ թեկնածուին:
 
Արամ Սարգսյանը բնական է համարում «Ծառուկյանի» այսպիսի մոտեցումը: 
 
- Կասեն՝ թեկնածու ունեն, կասեն՝ պաշտպանում են մեր թեկնածուին, կասեն՝ ընդհանրապես չեն մասնակցում այդ գործընթացին… Դա իրենց իրավունքն է,- ասել է «Ելքի» պատգամավորը:
 
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն էլ կարծում է, որ «Ելքը» շանսեր չունի՝ եթե անգամ «Ծառուկյան» դաշինքը սատարի: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հավաստմամբ՝ ՀՅԴ-ում և ՀՀԿ-ում դեռ քննարկումներ չեն եղել վարչապետի և նախագահի թեկնածուների հարցով, սակայն խմբակցության քարտուղարը հիշեցնում է՝ «ասողը» ՀՀԿ-ն է: