Ինքնաբացահայտում՝ ամենա«ինքնաբուխ ձևով»
«ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ…»
Հայոց խորհրդարանի երկու պատգամավոր երեկ շա՜տ են անկեղծացել՝ ի ցույց դնելով իրենց արատավոր էությունը: Այս պարագայում բոլորովին էական չէ, թե նրանք ո՞ր կուսակցության հովանոցով են «ազգընտիր» դարձել: Բայց իրենց իսկ ինքնաբացահայտումով նրանք նաև փաստել են, որ իրենց նմանները միշտ քարշ են գալիս կերակրատաշտերի հետևից ու չգիտես որ զգայարանով հոտոտում ու գտնում են իրենց տաք ու կուշտ պահողներին:
- Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել,- փիլիսոփայում է դեռ անցյալ դարից իր համար միշտ տաքուկ աթոռ ձեռք գցող Խոսրով Հարությունյանը:
Այսինքն՝ պետական այրերի համար միևնո՞ւյն է, որ սրանց նմանների քմահաճույքին հանձնված ընտանիքները պիտի շարունակեն կարտոֆիլ ուտել: Իսկ գուցե շուտով կարոֆիլի՞ն էլ մսի գին «հագցնեն»:
Եվ սա ասում է՝ իր նման մեկ ուրիշին արդարացնեու բնազդային նկատառումով: Իր նման այդ մեկ ուրիշն էլ, արդեն հայտնի է՝ այս մտածելակերպով իր երկվորյակ Հակոբ Հակոբյանն է, ով համոզված է, թե ինքն էլ կարող է վարչապետ լինել, պարզվում է, թանկացումների ջատագովն է ու թանկացնողներին թևեր տվողներից մեկը:
- Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց:
Վերծանենք հանուրի արդարացի զայրույթը հարուցած այս բառակույտը՝ հենց նրան ու իր նմաններին ապացուցելու, որ ճառասացին ամբարտավանությունից զատ՝ մի քիչ էլ տրամաբանություն է անհրաժեշտ:
«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից:»
Ծայրեծայր՝ կիսագրագրագետ տաֆտալոգիա, որն արտաբերողը չգիտի առնվազն «հետևաբար» և «ինքնաբուխ» բառերի իմաստը:
Իսկ անհոդաբաշխ այս ճամարտակությանն անմիջապես հետևում է պատգամավորի տգիտության և ցածրհոգության գագաթնակետ «Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց» նախադասությունը:
Որպես զվարճանքի ամբողջացում՝ վերընթերցենք Հակոբ Հակոբյանի մտքի հաջորդ «գոհարը».
- Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում:
Հնարավորությունը սովորությունից չտարբերող, «խուսափել» բառն «անկարող»-ի հետ նույնացնող անձին, իսկապես, չի՛ վայելում պատգամավորի հարմարավետ բազկաթոռը: Այս առումով դժվար է հավանություն չտալ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ այս երեսփոխանի հրաժարականը պահանջելու առաջարկին:
- Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը,- ֆեյբուքյան իր էջում գրել է գրել է Կ. Քոչարյանը։
Հավելենք նաև, որ այս տիպի մարդիկ ո՛չ միայն «շարքայինների» արժանապատվությունն են տրորում, այլ նաև իրենց դիրք տված քաղաքական ուժի հեղինակությունը: